Խարդախության և վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստերով հարուցվել է քրեական գործ
Արցախի դատախազությունը հայտնում է, որ ԱՀ քաղաքացի Գ.Գ.-ն Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում իրեն պատկանող 4 հեկտար նռան այգու վերաբերյալ ԱՀ նյութական վնասների փոխհատուցման կոմիտե ներկայացրած հայտի դիմաց, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի տիրապետության տակ անցնելու պատրվակով, 2022թ. հունվարին ստացել է 5.000.000 ՀՀ դրամ՝ կանխիկ և 4.000.000 ՀՀ դրամ՝ մուրհակի տեսքով /ընդհանուր՝ 9.000.000 ՀՀ դրամ/ փոխհատուցում, թեև վերը նշված նռան այգին լրիվությամբ չի անցել հակառակորդի վերահսկողության տակ և մինչև օրս մշակվում է:
«Փոխհատուցումը ստանալուց հետո, բանավոր պայմանավորվածությամբ, Գ. Գ.-ն նշված հողատարածքը մշակելու նպատակով վաճառել է գործարար Ա. Ղ.-ին:
Միևնույն ժամանակ, 2020թ. աշնանային պատերազմից հետո, Գ. Գ.-ն ԱՀ ներդրումային հիմնադրամից ստացել է 50 մլն ՀՀ դրամ գումարի վարկ, սակայն վարկը ոչ նպատակային օգտագործելով՝ ՀՀ Երևան քաղաքում ձեռք է բերել բնակարան, որով խոշոր վնաս է պատճառել պետությանը:
Նկարագրված դեպքի առթիվ, ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /Խարդախությունը/ և 199-րդ հոդվածի 1-ին մասով /Վարկը ոչ նպատակային օգտագործելը/ նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել