HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության կարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները կկարգավորվեն վարչապետի որոշմամբ

Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հուլիսի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր մասով։ Ըստ դրա` վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով եւ հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ, առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ կարգավորել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները:

«Զեկուցողի խոսքով, Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն ինը տարի է` համաձայն Կոնվենցիայի, եւ հաջորդ տարվա սեպտեմբերին լրանում է դատավորի պաշտոնավարման ժամկետը, հետեւաբար, մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսի ավարտը, ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի եւ Կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը: Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ: 

Օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter