HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական իշխանությունն Արցախի բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը:

«Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած` հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից: 

Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել:

Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր: 

Հունիսի 15-ից դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները:  

Հունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով: 

Հուլիսի 8-ի կեսօրին տեղելություն տարածվեց, որ գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է, սակայն հուլիսի 9-ի կեսօրից գազի մատակարարումը կրկին դադարեցվեց: 

Ընդ որում, այս ամբողջ քաղաքականությունը կատարվում է մտադրված` մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար:

Անգամ նվազագույն կենսական կարիքների` հիվանդանոց մարդկանց տեղափոխելու, սնունդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքավորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:

Այս կերպ ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար, հուսահատություն: 

Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter