Մեկնարկել է Եվրասիադոկ 2023-ը
Այսօր՝ ժամը 12։00-ին, ՀԲԸՄ-ի դահլիճում տեղի ունեցավ «Եվրասիադոկ 2023 վավերագրական ֆիլմերի զարգացման աշխատարան»-ի բացման արարողությունը։
Ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կից գործող, նորաբաց Ֆրանսիական Ինստիտուտի ղեկավար Դեվիդ Թոուրսը և մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն, դասընթացավարներ Սամյուել Օբինը և Ստեֆան Ժուրդենը, ինչպես նաև ընտրված մասնակիցները։
Աշխատարանի բացման արարողությունը սկսեց ծրագրի Հայաստանյան ներկայացուցիչը՝ պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանը։
Աշխատարանն ընթանում է երկու փուլով՝ օնլայն և օֆֆլայն տարբերակներով, մինչև այս տարվա աշուն։ Այս տարի նախորդ տարիների համեմատ ֆորմատն ավելի մեծ է, քանի որ նախկինում մասնակիցները հիմնականում աշխատում էին ռեժիսորի հետ միայն սցենարի զարգացման ուղղությամբ, իսկ այժմ աշխատելու են ստեղծագործական թիմեր՝ ռեժիսոր և պրոդյուսեր։
Արևիկ Ավանեսյանը նշեց, որ այս տարի համագործակցում են նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հետ. «Ամեն տարի ֆինանսավորման երկար գործընթացների պատճառով չէինք կարողանում համագործակցել, սակայն այս տարի՝ փառատոնի 20 ամյակին, հաջողվեց, և մեր աշխատարանում զարգացում ստացած ֆիլմերից՝ «Թոնրատուն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակներում»։
Արևիկ Ավանեսյանին շարունակեց Ֆրասնիական դեսպանատանը կից գործող, նորաբաց Ֆրանսիական Ինստիտուտի ղեկավար Դեվիդ Թոուրսը։
«Ֆրանսիական ինստիտուտի բացումով պետք է ավելի ու ավելի զարգացնենք հայ-ֆրասնիական հարաբերություններն ու նոր զարկ տանք մշակութային ոլորտի զարգացմանը»,- ասաց Դեվիդ Թոուրսը և հաջողություն մաղթեց մասնակիցներին, ինչպես նաև հավելեց, որ մասնակիցների բախտը բերել է մենթորների հարցում։
Մասնակցիների թեմաները մերօրյա խնդիրների մասին են։ Նախագծերից մի քանիսը պատերազմի թեմայով են, սահմանների բացման ու խնդիրների, կան պատմություններ էկոլոգիայի թեմայով, Հրազդանի շուկայի մասին, ինչպես նաև մի անչափահաս տղայի պատմություն, որ աշխատում ու պահում է իր ընտանիքը։
«Մինչև 2016 թվականը շատ պրոեկտներ են եղել, որ Եվրասիադոկ ծրագրին մասնակցել են, բայց հաջողություն չեն ունեցել, մասնակիցների ակնկալիքների սխալ պատկերացումների պատճառով, իրենք մտածում են՝ գալու են էստեղ իրենց գումար տան, իրենք էլ իրենց ուզած ֆիլմերը նկարեն, չեն պատկերացրել, որ սա մի տեղ է, որտեղ իրենք գալիս են իրենց պրոեկտների վրա աշխատելու ու սովորելու, որ հետո ավելի հեշտ աջակցություն ստանան։ Երբ, օրինակ, դու չգիտես, թե ինչպես գաղափարիդ մասին պատմես եվրոպացուն ու իրենք գալիս են, սկսում են հարցեր տալ, դու արդեն իրենց հարցերից սկսում ես հասկանալ, թե ինչպես պետք է ներկայացնես պրոեկտդ»,- պատմեց Արևիկ Ավանեսյանը։
Այս տարի նաև տեղի է ունենալու հետհայաց ցուցադրություն։ Ֆիլմերը տարբեր տարիներին զարգացում են ստացել Եվրասիադոկ ծրագրի շրջանակններում։ Ցուցադրությունը տեղի կունենա ՀԲԸՄ-ի դահլիճում։
Ֆիլմերի ժամանակացույց
Թոնրատուն։ TONRATUN - 12.09.2023 19:00
Ավլելով Երևանը։ Sweeping Yerevan - 10.10.2023 19:00
Ապո։ Bro - 10.10.2023 19:00
Կանանց գյուղը։ Village of Women - 14.11.2023 19:00
Վախենալու Ոչինչ չկա։ Nothing to be afraid of - 12.12.2023 19:00
Շրջափակում։ Blockade - 16.01.2024 19:00
Ծրագիրը ֆինանսավորել է Ֆրանսիական Ինստիտուտը Փարիզից, Լա Իսերե կազմակերպությունը Ֆրանսիայից և Ֆրանսիական Ինստիտուտի նորաբաց Երևանյան գրասենյակը։ Ծրագրի կազմակերպիչ կողմերն են «Դոկմոնդը» և «Էկրան Լիբրեն» Ֆրանսիայից և «ԱՓ» ՀԿ-ն Հայաստանից։
Հեղինակ՝ Աստղիկ Հովհաննեսովա
Լուսանկարները` Ֆրունզե Ավետիսյանի, Հետք մեդիա գործարան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել