HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter