
«Ծիծեռնակաբերդի խճուղում երթևեկությունը վերականգնվելու է, երկու շաբաթ հետո ասելու ենք՝ երբ»․ Ավինյան
Երկու շաբաթ հետո Երևանի քաղաքապետարանը պետք է հայտնի, թե Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ շարքը։ Այսպիսի հանձնարարական տվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ընթացքում։
Երևանի մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը հայտնեց, որ Ճարտարապետական և քաղաքաշինական վարչությունում համապատասխան դիմում կա, որով այդ տարածքում կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը դիմել է հողօգտագործման թույլտվությունների համար, որի հիման վրա կազմվել է քաղաքապետի որոշման նախագիծ։
«Դա քննարկման փուլում է։ Մենք, ըստ էության, գործընթացն ավարտել ենք, վերջնական համաձայնությունների հասնելուց հետո շինհրապարակում կհանդիպենք շինարարների հետ և կմեկնարկենք աշխատանքները»,- ասաց Մաչյանը։
Ավինյանն արձագանքելով՝ նշեց, որ երևանցիներին հետաքրքրում է, թե երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ գիծը, և չի հետաքրքրում քաղաքային իշխանությունների և կառուցապատողի միջև բանակցությունները։
«Ուզում եմ հստակ շեշտել, որ խճուղու մեկ գիծը վերականգնվելու է և ձևավորվելու է խճուղուն զուգահեռ ևս մեկ ճանապարհ, որը սպասարկելու է այդ հատվածում կառուցված շենքերին, այսինքն՝ կառուցելու ենք ևս երեք գիծ»,- պատասխանեց Մաչյանը։
«Խճուղում մեկ գիծը վերականգնվելու է, երկու շաբաթ հետո ասելու ենք՝ երբ»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։
Մեկնաբանել