
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Լեհաստանի իր գործընկերոջը
Հունիսի 30-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելին, որը Հայաստանում է գտնվում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական երկկողմ օրակարգին։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լեհական համագործակցության զարգացման կարևորությունը։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։
Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել