
ՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրենին
2023 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանին և ծրագրի թիմի անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից։
«Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են իրավունքի գերակայությանը, արդարադատության մատչելիությանը, դատական վարչարարության արդիականացմանը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց բնականոն կիրարկմանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանը ողջունել է Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները և վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անկեղծ հանձնառությունն աջակցելու դրանց բարեհաջող իրականացմանը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի գործընկերների խնդրանքով ներկայացվել են Սահմանադրական դատարանի ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, ի հայտ եկած հրատապ կարիքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավունքի գերակայության խթանման, Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման ոլորտներում համատեղ միջոցառումների իրականացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում համաձայնեցնել Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի միջև համագործակցության հստակ շրջանակներն ու ռազմավարական առաջնահերթությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել