
Սամվել Ալեքսանյանը հրավիրում է ռեստորան. «Ոչ մեկդ էլ ծեծի չեք ենթարկվի, դուք կարող եք հանգիստ գալ մեր ռեստորան»
Ազգային ժողովում լրագրողները Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին, արդյոք այն կարծիքին չէ, որ Հայաստանում ռեստորան գնալն այնքան էլ անվտանգ չէ` նկատի ունենալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված վերջին միջադեպը:
«Ոչ մեկդ էլ ծեծի չեք ենթարկվի, դուք կարող եք հանգիստ գալ մեր ռեստորան ու ծեծի չեք ենթարկվի (նկատի ունի «Փարվանան»- հեղ.): «Հարսնաքար» էլ կարաք գնաք, նման դեպք չի լինի»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով, եթե մեկը «Հարսնաքարում» վատ բան է արել, չի նշանակում, որ ռեստորանի հետ կապված միշտ վատը պետք է ասվի: «Վատ բան են արել, դրա համար կպատժվեն: Այո, կպատժվեն, ես վստահ եմ, որ կպատժվեն»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:
Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը մտերիմ ընկերներ են, եւ, այդ հանգամանքը նկատի ունենալով, Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Հարսնաքարի» ծեծկռտուքի հետ կապված խոսել է Ռ. Հայրապետյանի հետ: Պատգամավորը նշեց, թե հեռախոսով խոսել է, իսկ թե ինչ են խոսել` «գաղտնիք ա»:
«Ինքը շատ ուժեղ ջղայնացել ա այդ դեպքի կապակցությամբ: Ինքը ոչինչ չի պատրաստվում անել, օրենքը կանի: Այդ մարդկանց ոնց որ արդեն աշխատանքից ազատել ա»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:
Նա նշեց, որ «Հարսնաքարի» մատուցողն ու անվտանգության աշխատակիցը, որոնք ծեծի են ենթարկել ՊՆ սպաներին, Ռուբեն Հայրապետյանի «բարեկամները չեն»:
Մեկնաբանել