HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մշակվել է արտադրական կանեփում նմուշառում և լաբորատոր փորձաքննություն իրականացնելու կարգը

Առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ են մշակել, որի նպատակը արտադրական կանեփի բույսերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննություն իրականացնելն է՝ գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար։

2021թ. հունիսի 25-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով՝  Հայաստանում, համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով։

Իսկ դրա օրինական շրջանառությունն ապահովելու համար պետք է  իրականացնել արտադրական կանեփի բույսերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննությունը։

Մասնավորապես, օրենքով սահմանված է, որ արտադրական կանեփի բույսում «կաննաբիդիոլ (CBD)» նյութի պարունակությունը պետք է  գերազանցի  «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի պարունակությանը, ընդ որում՝ «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր պետք է լինի 0,3 %-ից։

Տետրահիդրոկաննաբինոլը (THC) ամենահայտնի և հիմնական կանաբինոիդներից մեկն է, կանեփի ակտիվ բաղադրիչը։

Այն հոգեմետ նյութ է և ներառված է հոգեմետ նյութերի 2-րդ հավելվածում, գտնվում է միջազգային հսկողության տակ՝ համաձայն 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի։

Արտադրական կանեփի տարբեր սորտերի բույսերում «տետրահիդրոկաննաբինոլ»-ի պարունակությունը կարող է կտրուկ փոփոխվել, ինչը, ըստ նախագծի հիմնավորման, մեծապես պայմանավորված է մշակության պայմաններով։

Այդ պատճառով  արտադրական կանեփի գործունեության ընթացքում վերահսկողության իրականացնելու նպատակով «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար անհրաժեշտ է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։

Ներկայումս «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար նմուշառում և լաբորատոր փորձաքննություն չի իրականացվում:

Արտադրական կանեփի գործունեության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը լինելու է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

 «Արտադրական կանեփի բույսերի նմուշառումն անհրաժեշտ է իրականացնել սահմանված հրահանգների համաձայն՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հնարավորինս ճշտությունը ապահովելու համար»,-նշված է նախագծում։

Նախագծի ընդունմամբ՝ 2022թ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Այն չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից։ 

 

Գլխավոր լուսանկարը՝ newsroom.gy-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter