HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք  ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ շաքարավազի և հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու ուղղակի դիտավորությամբ տվյալ ընկերության տնօրենի կողմից կազմվել են ակնհայտ կեղծ հաշվապահական փաստաթղթեր, իբրև թե  նշված ապրանքների մի մասի գնորդ է հանդիսանում  հենց ինքը՝ ընկերության տնօրենը` որպես ֆիզիկական անձ: Ապրանքների  մնացած մասն էլ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ իբրև թե 97 տոկոս զեղչով, իրացվել են ՀԴՄ կտրոնների միջոցով։ 

ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։ 

Առանձնապես խոշոր չափերի` շուրջ 78 միլիոն  դրամ հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից, հերթական ներմուծման ժամանակ, բեռնատարները՝  ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ: Այնուհետև, մաքսային ձևակերպումներից հետո, բեռնատարները վերցվել են օպերատիվ հսկողության: Նույն օրը հասնելով Երևան քաղաք` անմիջապես բեռնատարներից՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, տնտեսավարող սուբյեկտներին վաճառվել է մեծաքանակ շաքարավազ: Վաճառքները կատարելուց  հետո՝ գնորդ տնտեսավարող սուբյեկտների մոտ կատարված օպերատիվ-հետախուզական և վարույթային գործղությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Ատ. Լանդ» ընկերությունը, նախկինում ևս առանց հաշվարկային փաստաթղթերի, վաճառել է մեծաքանակ շաքարավազ:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության  տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Միաժամանակ, որոշում է կայացվել «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված շուրջ 20 տոննա շաքարավազն առգրավելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter