
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև քննարկվում են բարձրագույն կրթության, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառներում համագործակցության մասին հուշագրերը:
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հայ-բրազիլական համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կստանան:
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ընդգծել է, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Դեսպանը ներկայացրել է հնարավոր համագործակցությանն առնչվող ուղղություններն ու ծրագրերը՝ կրթական փոխանակումների, բուհերում բրազիլական պորտուգալերենի ուսուցման, հայ-բրազիլական մշակութային կապերի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացման համատեքստում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին:
Մեկնաբանել