«Արդարադատության նախարարի հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում»․ Միքայել Շխիմյան
Միքայել Շխիմյանը, որը դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթի քննությանը ներգրավված է որպես փաստաբան, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ արդարադատության նախարարի կողմից երեկ Հ1 հեռուստաալիքով դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում։ Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է քննվում առաջին անգամ, վարույթը վերաբերում է դատավորի խոսքի ազատության սահմանափակմանը, դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից քննված գործերով ՄԻԵԴ կողմից երբևէ որևէ խախտում չի արձանագրվել»,- գրել է նա։
Նշենք, որ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը դատավորներին ճնշելու հստակ նպատակ ունեն, ինչո՞ւ են ճնշում, ասել է․ «Բացարձակ ճնշման նպատակ չկա, կա նպատակ օրենքին համապատասխանելը, և երբ ստանում ենք քաղաքացիների կողմից դիմումներ, այդ դիմումներին ընթացք տալը և ոտնահարված իրավունքների վերականգնման հասնելը»։
Գրիգոր Մինասյանը նկատել է՝ Բարձրագույն դատական խորհրդում քննվող մի քանի գործ ունեն. «Մեկը պարոն Հարությունյանի հետ կապված գործն է, որով ինքը կասկածի տակ է դրել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն կայացրած որոշումները, և նաև ունենք Մարդու իրավուքների Եվորպական դատարանի վճռի հիման վրա հարուցված կարգապահական վարույթ, որով հենց ՄԻԵԴ-ը իր որոշմամբ արձանագրել է խախտում, և դրա հետքերով վարույթ ենք հարուցել և գնացել Բարձրագույն դատական խորհուրդ»:
Չկա՞ տպավորություն, որ այն դատավորներն են պատժում, որոնց որոշումները իշխանահաճո չեն, հարցին Գրիգոր Մինասյանը հակադարձել է՝ ամենևին:
«Նույնիսկ այդ դատավորները ո՛չ քննարկվել են մամուլում, ո՛չ իրենց հետ կապված հրապարակումներ են եղել: Նաև պետք է հաշվի առնել, որ առնվազն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, երբ որ խախտում է արձանագրում, հաստատ չգիտի՝ մեր մամուլում ինչ է շրջանառվում, կամ որ դատավորն է համարվում ոչ հաճելի իշխանության համար»,- ասել է նա:
Դիտարկմանը՝ նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն ասում է՝ դատավորների որս է իրականացվում, Մինասյանն արձագանքել է. «Կա օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ, կան դժգոհ քաղաքացիներ, որոնք մեզ դիմում են, և կա ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռներ»:
Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը
Լուսանկարը՝ azatutyun.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել