HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը և այժմ քննություն են հանձնելու երկրորդ անգամ: 

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննություններն ընթանում են բնականոն հունով: Նրա խոսքով՝  դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն այս տարի է ներդրվել, որը դրական դինամիկա է ապահովել: 

«Այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ իրավիճակ չունենք,  քննությունները  ընթանում են ըստ պլանավորածի: Կարծում եմ՝ այս տարվա 2 անգամվա քննություն հանձնելու հնարավորությունը դրական ազդեցություն է թողել դիմորդների վրա՝ հոգեբանական լարվածության տեսանկյունից և նվազեցրել է սթրեսը: 

Կային դիմորդներ, որոնք օգտվել են երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից, ինչը շատ դրական է,  որովհետև այսկերպ հնարավորություն ենք տվել նրանց ավելի հեշտ հաղթահարել քննական գործընթացը: Մի բան հստակ է, դիմորդները երկրորդ անգամ քննություն հանձնելիս ավելի հանգիստ են, սթրեսը նվազել է: Երբ դու ունես մեկ անգամ քննություն հանձնելու հնարավորություն, կշեռքի նժարին մեծ պատասխանատվություն է դրված. կամ կհանձնես քննությունը, կամ՝ ոչ: Այս դեպքում դիմորդներն ավելի հանգիստ են, կենտրոնացած, գիտեն ինչպես օգտագործեն իրենց տրված ժամանակը: Սա կարևոր փորձ է, որն օգնում է լավ պատրաստվել, երկրորդը՝ արդյունքներն են: Մենք տեսնում ենք, որ երկրորդ փուլում տոկոսային հարաբերությամբ բարձր միավորներ ստացած դիմորդների թիվը աճել է, անբավարարները՝ նվազել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ միտումը նկատելի է եղել արդեն կայացած միասնական քննությունների արդյունքների նախնական համեմատությամբ: 

Օրինակ առաջին փուլում «Քիմիա» առարկայից գերազանց էին ստացել դիմորդների 7 տոկոսը, երկրորդ փուլում՝ 14 տոկոսը: Առաջին փուլում նույն առարկայից անբավարար արդյունք էր ապահովել դիմորդների 34 տոկոսը, երկրորդ փուլում՝ 25 տոկոսը:

Նա նաև հույս  է հայտնել, որ արդյունքների բարելավում կունենանք նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության դեպքում:

Անդրադառնալով միասնական քննությունների արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ մտահոգիչ են, և այս առումով լուրջ աշխատանք  կատարալու կարիք կա:

«Կայուն դրական  արդյունքի ապահովման համար դպրոցի բովանդակային բարեփոխումները, որոնք այժմ ընթացքի մեջ են, կարևոր նշանակություն ունեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:  

Անդրադառնալով դասագրքերի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ մրցույթ է հայտարարված՝ նոր չափորոշիչների պահանջին համապատասխան: 

«Հիմա փորձաքննության փուլում ենք, աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի  մեզ մոտ ձևավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ: Ավելի քան 10 տարի նոր դասագրքեր չեն մշակվել, իսկ դասագիրք գրելը բարդ գործընթաց է՝ մեթոդական, ձևավորման, հոգեբանության տեսանկյունից: Դասագրքի վրա մի ամբողջ թիմ է աշխատում: Առաջին փուլում միանգամից գոհ լինելու հավանականությունը փոքր է, բայց կարևոր է գործընթացի իրականացումը, որ դաշտը ձևավորվի, մասնագիտական խմբեր կազմվեն, և ապահովենք դասագրքերի բարձր որակ: 

Ուզում եմ նաև նշել, որ թեև դասագիրքը շատ կարևոր է, բայց ժամանակակից դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում իր նախկին նշանակությունն այն կորցնում է: Առաջատար երկրներում դասերը կառուցվում են ոչ թե մեկ դասագրքի շուրջ, այլ լինում են տարբեր նյութերի թղթապանակներ, որպեսզի աշակերտները բազմակողմանի նայեն նույն երևույթին, զարգացնեն մտածողությունը: Մենք ևս պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ ավանդաբար մեծ թվով քննություն հանձնողներ, ըստ դիմորդների ընտրած մասնագիտության, լինում են «Անգլերեն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Ավելի քիչ թվով դիմորդներ են քննություններ հանձնում, օրինակ, իտալերենից, իսպաներենից: 

Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու ՀՀ բուհեր իրենց նախընտրած ընթացակարգով՝ ընդհանուր հիմունքով, ինչպես ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիների և սփյուռքահայերի համար սահմանված առանձին ընդունելության կարգով:

Խոսելով թափուր տեղերի մասին՝ նախարարը նշել է, որ  որոշ բուհերում կան մի շարք ռազմավարական կարևորության մասնագիտություններ, որտեղ դիմորդների թիվը բավականին փոքր է:

Արդեն գործում են այս տարի ներդրված նոր մոտեցումները. տարկետման հնարավորություն է տրվել որոշ բնագիտական մասնագիտությունների համար: Օրինակ, ԵՊՀ-ում տվյալ մասնագիտությունների գծով դիմորդների թիվը, դրանով պայմանավորված, կրկնակի աճել է՝ նախորդ տարվա համեմատ: Մանկավարժական համալսարանի բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում ևս դիմորդների թվի աճ կա»,- ասել է նախարարը:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից այսօր քննություն է հանձնում 4349 դիմորդ: 2023-2024 ուստարվա միասնական քննություններին մնացել է երկու օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter