HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին:

Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար, այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում Հայաստանում արված ուղիղ ներդրումների զգալի աճին, ինչպես նաև գործարարների ներհոսքին՝ մի շարք երկրներից:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ արտասահմանյան ձեռներեցների և կազմակերպությունների հետաքրքրվածությունը Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվելու հարցում արդյունք է նաև երկրում գործարարության համար անհրաժեշտ գրավիչ միջավայրով և բյուրոկրատական հեշտացված մեխանիզմների ներդրման:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և վերջինիս ազդեցությանը տարածաշրջանի երկրների տնտեսական կյանքի վրա:

Անմիջական մթնոլորտում պատասխանելով ներկաների հարցերին, նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան էներգետիկ անվտանգության առանձնահատկությունների, ատոմակայանի շահագործման և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների հետ Հայաստանի հարաբերություններում առկա խոչընդոտների և հնարավորությունների, ինչպես նաև մակրոտնտեսական նշանակության հաղորդակցության ուղիներում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հույս է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել գործարարներին՝ արդեն Հայաստանում և քննարկել առարկայական ծրագրեր, պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ներդրումային նախաձեռնություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter