HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում այս շաբաթ ամբողջությամբ կավարտվի փողոցների փոսալցման գործընթացը․ Տիգրան Ավինյան

Այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են ստորև ներկայացված հարցերը։

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

«Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և համայնքը պետք է նախաձեռնող լինի: Առաջինը, որ պետք է լուծենք, կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է, փաստացի՝ իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որով իրենք՝ որպես փաստ տիրապետել են տարիներով, որպեսզի հետագայում կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ իրենք խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, իրավունքների խախտման հետ կապված հարցեր չլինեն»,- նշել է փոխքաղաքապետ Ավինյանն ու հանձնարարել արդեն իսկ եղած հայեցակարգով դիտարկել նաև Նորագյուղի վերակառուցման առաջարկը:  

Միաժամանակ, ընթացքում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման 2-րդ և 3-րդ փուլերի աշխատանքները: Շուտով մրցույթ կհայտարարավի նաև Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի շինարարության նախագծի համար:

Շենգավիթի «Համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագիրն իրատեսական դարձրեց տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ կյանքի կոչվող նախագծով նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել և ապահովվում մարզական օջախի մեծ և փոքր մարզադահլիճներում: Շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի հիմնանորոգումից բացի, հաջորդ քայլով միջոցներ կձեռնարկվեն նաև մարզադպրոցին պատկանող հարակից տարածքի լողավազանը վերակառուցելու համար: 

Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի նաև գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի «Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց» և իր արդի պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում 14 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքում է «Հաղթանակի» կամրջի վերանորոգումը: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի նաև կամրջի արտաքին լուսավորության ցանցը, մալուխները կտեղափոխվեն գետնի տակ, բացի այդ էլ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար կտեղադրվի երկու վերելակ: Աշխատանքներն ամբողջությամբ նախանշվում է ավարտել օգոստոսի վերջին: Տիգրան Ավինյանը հանձնարարել է դիտարկել նաև «Կիևյան» կամրջի հիմնանորոգման ծրագիրը: 

Համայնքային միջոցներով գնված 15 տրոլեյբուսից բացի, հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով. արդեն իսկ կա հաղթող մասնակից: Ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի առկա շարժակազմի թարմացման խնդիրը:

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր անտառապատ այգի կառուցել:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է նաև, որ կենդանաբանական այգու ընդլայնումը համայնքը դիտարկում է նույն՝ այգու ներկայիս տարածքում. կուսումնասիրվի հաշվեկշռում առկա հարակից գոտիներն օգտագործելու հնարավորությունը:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջին նախագիծը, որ կդրվի հանրային քննարկման, «Մերգելյանի» այգու վերակառուցումն է: Զեկուցվել է, որ կա երկու փաթեթային առաջարկ, և բնակիչները կորոշեն, թե որ տարբերակն են նախընտրում:

Մայրաքաղաքում այս շաբաթ ամբողջությամբ կավարտվի փողոցների փոսալցման գործընթացը. մնացել է շուրջ 600 քմ ծավալի աշխատանք: Զեկուցվել է, որ սպառվել է 148 տոննա ասֆալտ: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի պարագայում լինել հետևողական և աշխատանքներն իրականացնել որակով ու սահմանված ժամկետում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter