
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել