HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը

Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն էր հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։

«ԵՊՀ շրջանավարտների համայնքն ամենամեծն ու ընդգրկունն է Հայաստանում։ Համալսարանի շրջանավարտներն իրենց առանձնահատուկ և որոշիչ դերն ունեն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության քաղաքականության և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Համալսարանի գործունեությունը միտված է ոչ միայն կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, այլև այդ գործընթացում իր շրջանավարտների ներգրավվածությունն ապահովելուն և նրանց հետ շարունակական կապ ստեղծելուն։ Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2223 առկա ուսուցմամբ ու 299 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ և մագիստրատուրայի 743 առկա ուսուցմամբ շրջանավարտ։

Միջոցառման մեկնարկն ազդարարվել է Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերով, որոնք կատարել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով 2022/2023 ուստարվա բոլոր շրջանավարտներին, հաջողություն է մաղթել նրանց հետագա նախաձեռնություններում և հորդորել հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը՝ մշտապես մնալով «Երևանի պետական համալսարան» ընտանիքի անբաժանելի մասնիկն ու անդամը:

«Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացրել եք անընդհատ փոփոխվող աշխարհում արագ կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ, որոնք ճանապարհ կհարթեն ձեր մասնագիտական ուղին լավագույնս կազմակերպելու և մարտահրավերներին դիմակայելու համար։

Կոչ եմ անում վստահությամբ և լավատեսությամբ ընդունել բոլոր մարտահրավերներն ու հնարավորությունները, քանի որ դուք կյանքի նոր շրջափուլ եք մտնում հսկայական ներուժով և գիտելիքների մեծ պաշարով։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է դրական փոփոխություն կատարել մեր երկրի և ամբողջ աշխարհի համար»,- նշել է Հ Հովհաննիսյանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով շրջանավարտներին, իր խոսքում ընդգծել է կրթության և գիտության կարևորությունը երկրի առաջխաղացման գործում՝ մատնանշելով «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում մարդկային կապիտալի վերաբերյալ սահմանված դրույթը, այն է՝ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։

«ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը տարվա կարևորագույն միջոցառումներից է։ ԵՊՀ-ն բացառիկ կրթական հաստատություն է, որն իր սկզբնավորումից ի վեր եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։ Ես նույնպես ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի շրջանավարտ եմ, որը կոչում է, և յուրաքանչյուրս պետք է պատվով այն կրի»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը։

Ավարտական միջոցառման՝ այս տարվա հիմնական բանախոսը ԵՊՀ շրջանավարտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր, որն անդամակցում է համալսարանի հոգաբարձուների խորհրդին, և որի նախաձեռնությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գալիք ուսումնական տարում մեկնարկելու է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագիրը։ 

Ե Կիրակոսյանը, անդրադառնալով համալսարանում արդեն իսկ ավանդույթ դարձած այս միջոցառմանը, առանձնակի կարևորել է այն, որ միջոցառումը մասնագիտական կարիերայում որոշակի ուղի անցած ԵՊՀ շրջանավարտին հնարավորություն է տալիս իր փորձով և գաղափարներով հրապարակավ ցույց տալու հաջողության հասնելու ճանապարհը։

Միջոցառման հիմնական բանախոսը շրջանավարտներին հավաստիացրել է, որ համալսարանն ավարտելով՝ չեն դադարում սովորելուց, այլ հակառակը՝ շարունակում են կրթվել և մեկնարկում կյանքի նոր ուղի։

Մատնանշելով կարիերայի ստեղծման գործում համալսարանի դերակատարումը՝ Ե Կիրակոսյանը փաստել է «Ժամանակակից աշխարհում գիտելիք ձեռք բերելը խնդիր չէ։ Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում գիտելիք և տեղեկատվություն հնարավոր է ստանալ հեշտությամբ։ Հետևաբար համալսարանական կրթության հաջողության ամենակարևոր նախադրյալներից մեկը, եթե ոչ ամենաորոշիչը, մարդուն մեթոդաբանական գիտելիքով, մտածելու և վերլուծելու ունակությամբ, ինչպես նաև մասնագիտական հմտություններով զինելն է։ Այս ամենը ձեզ համար հետագայում ծառայելու է որպես գործիք և բանալի՝ ցանկացած մարտահրավեր հաղթահարելու և տարբեր դռներ բացելու համար»։

Շրջանավարտներին տալով մասնագիտական ու անձնային զարգացմանն ուղղված խորհուրդներ և ամփոփելով խոսքը՝ Ե Կիրակոսյանն ընդգծել է․ «Այսօրվա աշխարհում կատարվող ցանկացած երևույթ հասկանալու համար գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել միջգիտակարգային կամ միջճյուղային մոտեցում։ Մի՛ սահմանափակվեք սոսկ ձեր մասնագիտությամբ աշխարհը շատ ավելի խորն ու բազմաշերտ է, և հնարավոր չէ այն հասկանալ միայն մեկ դիտանկյունից։ Եղե՛ք լայնախոհ և միշտ պատրաստ՝ ընդունելու նորը»։

ԵՊՀ բոլոր շրջանավարտների անունից ելույթ է ունեցել համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրոս Հասմիկ Սարգսյանը՝ խոսելով համալսարանական տարիների, մասնագիտական ձեռքբերումների և դրանցում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին։

«Համալսարանական լինելը լոկ կոչում չէ, այլ մտածողություն, մշակույթ, փոխհարաբերություն, և որ ամենից կարևորն է՝ մարդկային կապիտալի ստեղծում։ Մեր դասախոսները մշտապես փորձում են մեր մեջ սերմանել գիտական աշխարհայացք, կամք և ջանասիրություն։ Թե՛ մենք, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը կրողն ենք դարձել այդ բարդ պատասխանատվության, որը փորձել ենք արդարացնել և ավելի ուժեղանալ որպես անձ և անհատ։ Այսօր գիտակցում եմ, որ գիտելիքն ու կրթությունն անչափ կարևոր են փոփոխվող աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար»,- շեշտել է Հասմիկը։

Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև ԵՊՀ-ում ստեղծվող շրջանավարտների համայնքը՝ իր բաղադրիչներով։ Համայնքի շնորհիվ համալսարանն իր շրջանավարտներին ընձեռում է համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։

Ցանցի հիմքում փոխկապակցված երկու միավորներ են՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու շրջանավարտների ներգրավմամբ և նրանց անմիջական մասնակցությամբ ձևավորված ցանցի կառավարման համակարգը։ Այս համակարգի շնորհիվ ԵՊՀ-ն հանձն է առնում իրականացնել կազմակերպական և հաղորդակցական գործառույթներ, իսկ շրջանավարտները՝ ցանցի բովանդակային բաղադրիչը ձևավորելու պարտավորություն։

Շրջանավարտների ցանցի ձևավորման և գործունեության պլանավորման համար ԵՊՀ-ն ամեն տարի կազմակերպելու է Շրջանավարտների կոնֆերանս, որի ընթացքում մշակվելու են ցանցի գործունեության ռազմավարությունն ու ծրագրերը, ձևավորվելու են Գործադիր խորհուրդը, տարածքային և մասնագիտական միավորները։

Շրջանավարտների համայնքի ներկայացուցիչները հատուկ զեղչով հնարավորություն կունենան օգտվելու ԵՊՀ հյուրերի տնից, համալսարանի տարբերանշանով ապրանքներից, ԵՊՀ տարածքի վարձակալությունից, մարզասրահից, ինչպես նաև համալսարանի գրադարանից։

Այնուհետև պաշտոնական մասին հաջորդել է շրջանավարտների համար կազմակերպված տոնական համերգը, որի ժամանակ կատարումներով հանդես են եկել «Kami Friends», «By The Way» և «The Band» երաժշտական խմբերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում, որտեղ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, և վկայագրեր են հանձնվել համալսարանի՝ գիտական աստիճան ստացած շրջանավարտներին»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter