HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեղումներից մինչև հուշարձանի վիրտուալ վերականգնում՝ Եվրոպական հնագիտության օրերին

Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, մասնակցություն մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումների:

Օրվա շրջանակում ԿԳՄՍՆ աշխատակիցները՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանի գլխավորությամբ, այցելել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում կազմակերպվել է հանրային իրազեկում՝ վերականգնողի մասնագիտության վերաբերյալ և ծանոթացում հնագիտական գտածոների վերականգնման աշխատանքներին: Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկայացրել է կենտրոնի բաժինները և գործունեությունը՝ սկսած պեղումներից մինչև վերականգնված գտածոների՝ որևէ թանգարանի հանձնում և ցուցադրության կազմակերպում: Ներկաները հետևել են գտածոների վերականգնման ընթացքին, ծանոթացել աշխատանքների մանրամասներին: Տնօրենի տեղեկացմամբ՝ վերականգնողները, ոլորտի մասնագետները շարունակաբար մասնակցում են միջազգային սեմինարների և վերապատրաստումների, իսկ կենտրոնն ուսանողների ու կամավորների ակտիվ մասնակցության, փորձի ձեռքբերման վայր է:

Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերջին տարիներին իրականացրած Վերին Նավեր հնավայրի պեղումների արդյունքները՝ գտածոների նոր ցուցադրությամբ:

Օրվա շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի է ունեցել «Վիրտուալ հնագիտության հեռանկարները Հայաստանում» ինտերակտիվ դասախոսություն: Այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու  հնագիտական հուշարձանների վիզուալիզացիային արդի հնագիտության շրջանակում՝ ավելի շոշափելի դարձնելով պատմական անցյալի իրականությունը հանրության համար: Ցուցադրվել են նաև հուշարձանների վիրտուալ վերականգնման վերջին աշխատանքները Հայաստանում, ինչը հասանելի է նաև առցանց հարթակում՝ https://ama100.am/#

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ այդ աշխատանքներն իրականացվել են 2021 թվականին՝ ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված հուշագրով: Նպատակն էր շարունակել հնագետ և պատմական Գրիգոր Արեշյանի սկսած ծրագիրը՝ 100 հնագիտական հուշարձանների թվայնացման աշխատանքները՝ որպես կրթության խթանում և տուրիզմի զարգացում:

Եվրոպական հնագիտության օրերի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/48knshzn:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter