HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից». «Վերածնվող Հայաստան» կուսակցություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև.

«Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում կայացրեց:

Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել. շինծու քրեական գործերի միջոցով փորձում են մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրական ու վճռական պայքար են մղում իրենց ապօրինությունների ու կամայականությունների, հակապետական ու հակազգային քայլերի դեմ:

Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում, երբ հակառակորդը նոր ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական-քարոզչական նախապատրաստություններ է իրականացնում, սաստկացնում հարկադրանքը բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների:

Զուգահեռաբար, դատաիրավական համակարգին գործիք դարձնելով և նման շոուներ ապահովելով՝ Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում.

- Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ձայնը բարձրացնել՝ հանուն հայրենիքի ու պետության, համախմբվել արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմակայելու գաղափարի շուրջ, պայքարել Հայաստանը բռնապետություն դարձնող այս իշխանությունների դեմ:  

- Ընդդիմադիր բոլոր ուժերին՝ գերակա դարձնել համախմբման ու միասնական ճակատով գործելու օրակարգը՝ առաջնահերթություն դիտելով գործող իշխանությունների օր առաջ հեռացումը՝ հանուն մեր պետության ներկայի և ապագայի:

- Միջազգային հանրությանը և հատկապես ժողովրդավարությունն արժեք հռչակած պետություններին, Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպաններին՝ դիրքորոշում արտահայտել բացահայտ քաղաքական հետապնդում հանդիսացող այս դեպքի և ընդհանրապես՝ իշխանությունների թելադրանքով գործող դատաիրավական համակարգի գործունեության հետ կապված»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter