
Ֆեյսբուքում բանակին օգնելու դրամահավաքի պատրվակով գումարի յուրացման դեպքեր են բացահայտվել
Ռազմական ոստիկանությունը համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։ Այս մասին հաղոդրում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500 000-1 000 000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է:
Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300 000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է:
Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից:
Մեկնաբանել