
Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել՝ մրցույթով
Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Ավան, Խուդյակովի փողոց 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող 1780.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.1176 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թ. փետրվարի 23-ի դրությամբ կազմում է 322 500 000 ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 195 600 000 դրամ։
Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 29 268 994 դրամ է: Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 322 500 000 դրամ։
Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 16 125 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։
Որոշման նախագիծը ներառված է Կառավարության հունիսի 7-ի նիստում:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի Կոտայքի մարզպետի աշխատակազմին: Արդյունքում՝ Ձորաղբյուր գյուղում կկառուցվի բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենք:
Մեկնաբանել