HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից։

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ոլորտային առաջնահերթություններին, ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական և գործազրկության ապահովագրության համակարգերի ներդրման հնարավորություններին։  

Ընդգծելով միջազգային նորմերի կիրարկման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը խոսել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապօրինի շրջափակման և հումանիտար աղետի վտանգ ստեղծելու մասին։ Նախարարը շեշտել է, որ ավելի քան վեց ամիս է արցախցիները զրկված են առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄԿ ղեկավար կազմի մասնակցությամբ՝ Հայաստանում 2023 թ նախատեսվող ֆորումի կազմակերպման մանրամասները, որը նպատակ ունի ուսումնասիրել գլոբալ, տարածաշրջանային  և ազգային մակարդակներում աշխատանքի և զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ընդգծվել է ֆորումի կարևորությունը, այն է՝ երիտասարդների համար արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորությունների ստեղծումը, սոցիալական արդարության երաշխավորումն ու ոլորտային վերջին միտումների ու նորարարությունների ներկայացումը։

Դիտարկվել է նաև ԱՄԿ աջակցության հնարավորությունը՝ գործազրկության ապահովագրության, աշխատաշուկայի խթանման և ծերացման կանխարգելման քաղաքականությունների մշակման գործընթացներում, ինչպես նաև տարեցների ակտիվ ծերացմանն ու կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter