Հայաստանի ոչ մի բուհ վերականգնողի որակավորում չի տալիս. սերնդափոխության հարցը հրատապ է
Ամալյա Հովսեփյանն ավելի քան 30 տարի աշխատում է Ազգային պատկերասրահի վերականգնման բաժնում։ Թեև այդչափ աշխատանքային փորձն արդեն վարպետի հմտության մասին է խոսում, սակայն Ամալյայի կարծիքով ամբողջ կյանքում վերականգնման աշխատանքներով զբաղվելու դեպքում էլ դեռ սովորելու, մտածելու շատ տեղ կա։ Առաջին անգամ ռեստավրացիա ուսումնասիրել է հենց Ազգային պատկերասրահում, հետո որոշ փորձեր արել Մատենադարանում, ապա Մոսկվայի Գրաբարի անվան ինստիտուտում վերապատրաստում անցել, դրանից հետո միայն աշխատանքի անցել Ազգային պատկերասրահում։
Վերականգնող հայ մասնագետներից շատերն են նման ճանապարհ անցել. սովորել են որևէ ուսումնական հաստատությունում նկարչական կամ այլ ուղղությամբ, իսկ ռեստավրացիային և դրա մեթոդներին ծանոթացել միայն նման գործառույթներ իրականացնող հաստատություներից մեկում, մի մասը վերապատրաստում են անցնել այլ երկրներում, որից հետո կարողացել են Հայաստանի մի շարք կառույցներում ռեստավրացիայով զբաղվել։
Հայաստանի ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չի տալիս վերականգնողի որակավորում, միջին մասնագիտական հաստատությունների դեպքում վերականգնում ուսումնասիրվում է միայն Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։
Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի խոսքով կադրերի պատրաստման հստակ համակարգ գոյություն չունի, դրանով զբաղվում են իրենք իրենց միջոցներով. «1957 թվականից՝ Մատենադարանի ստեղծման օրվանից, բաժինը գոյություն ունի։ Այս ընթացքում բավականին մեծ փորձ ենք ձեռք բերել, դրա համար մենք մեր վրա վերցրել ենք այդպիսի առաքելություն, որպեսզի ինքներս պատրաստենք կադրեր, որովհետև շատ կարևոր է, իհարկե, տեսական մասը, սակայն, վերականգնողական աշխատանքներով զբաղվել ցանկացողներից ոչ ոք չունի աշխատանքի գործնական փորձ։ Մեծ մասամբ փորձում ենք անել այնպես, որ նոր կադրերն ունենան նկարչական ուղղվածություն, բայց դա պարտադիր պայման չէ: Այս պահին բաժնում տարբեր մասնագիտությունների մարդիկ են. կան և՛ նկարիչներ, և՛ ոչ նկարիչներ»:
Մատենադարանում նորոգումներ իրականացնելու փորձաշրջանն առնվազն 1 տարի և ավելի է տևում, իսկ ձեռագիր նորոգելու համար սկսնակ մասնագետից պահանջվում է 3-4 տարի, որից հետո միայն հնարավություն է ունենում վստահ աշխատանքի անցնելու:
Ըստ Ազգային պատկերասրահի վերականգնման բաժնի աշխատակից Ամալյա Հովսեփյանի՝ պատկերասրահում փորձաշրջանը 2 ամսից մինչև 2 տարի է տևում։ Այնտեղ նույնպես վերականգնման աշխատանքների առաջին քայլերը տեղում են սովորում, որից հետո ժամանակ առ ժամանակ արտասահմանյան տարբեր դպրոցներում վերապատրաստման կուրսեր են անցնում. «Շատ երկրներ արդեն ունեն իրենց կայացած դպրոցները, մենք էլ մերը պիտի ունենանք։ Կախված նաև տվյալ երկրի կլիմայական հատկություններից, իրենց ունեցած հավաքածուների առանձնահատկություններից՝ իրենք ստեղծել են իրենց դպրոցը, բայց մեր կլիմայական պայմանները, մեր հայ նկարիչների ձեռագրերը, տեխնոլոգիական առանձնահատկությունները ստիպում են մեզ մեր դպրոցն ունենալ»։
Ոլորտն օրեցօր զարգանում է, նոր մեթոդներ են ի հայտ գալիս, որոնց պետք է ծանոթ լինել վերականգնման աշխատանքը ավելի արդյունավետ ու հեշտ դարձնելու համար։ Հայ ռեստավրատորները ոլորտի նորություններին ծանոթանում են վերապատրաստումների և փորձի փոխանակումների միջոցով՝ թե՛ տարբեր երկրներ այցելելով ու տեղում կատարված աշխատանքը տեսնելով, թե՛ Հայաստանում արտասահմանցի մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին մասնակցելով։ Ամալյա Հովսեփյանի խոսքով նման վերապատրաստումները պետք է հաճախակի իրականացվեն, որը, սակայն, տեղի չի ունենում. «Ես արտասահմանում վերապատրաստում անցել եմ շատ շուտ, իսկ մեր մյուս մասնագետները մասնագիտական այցով վերջին անգամ 6-7 տարի առաջ են Հայաստանից դուրս եղել, իսկ դա շատ քիչ է, եթե չասեմ երկու անգամ, գոնե տարին մեկ անգամ պետք է անցկացվի, սակայն պետությունն այնքան էլ ուշադրություն չի դարձնում այդ խնդրին, տեսնում է արդյունքը, բայց չի պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է իրականացվել»։
Մատենադարանի դեպքում էլ նույն սկզբունքն է աշխատում՝ և՛ մեր մասնագետներն են դրսում վերապատրաստումների մասնակցում, և՛ այլ երկների մասնագետներն են այստեղ հրավիրվում. «Անցած տարի Պարսկաստանից մի շատ հայտնի մասնագետ էր եկել, որը մեզ վերապատրաստել է իսլամական կազմարվեստի գործում: Հիմա մենք նաև գնում ենք Երուսաղեմ, որի պատրիարքարանում մեր ջանքերով ստեղծված է վերականգնման բաժին, որն իր հավաքածուով երկրորդն է Մատենադարանից հետո։ Այնտեղ և՛ ինքներս ենք վերականգնում իրականացնում, և՛ վերապատրաստում ենք այնտեղ մշտական ապրող մարդկանց, որպեսզի կարողանան մեր բացակայություն ժամանակ ինչ-որ բաներ վերականգնեն»։
Ազգային պատկերասրահում այս պահին վերականգնող մասնագետները 7-ն են։ Պատկերասրահի աշխատակցի խոսքով՝ մասնագետների թիվը գոնե 15-ի պիտի հասցվի, որովհետև ֆոնդի 70-90 տոկոսը ամենափոքրից մինչև ամենամեծ ծավալի միջամտության կարիք ունի, իսկ խոսքը 42.000 նմուշի մասին է. «Եթե մի ամբողջ բաժին աշխատի 40-45 տարի, հաստատ մի պտույտ չի անցնի, նույնիսկ կեսը չի անցնի։ Աշխատանք կա, որի վրա ամբողջ թիմով տարիներով ենք աշխատում»։ Թեև մասնագետների անհրաժեշտություն և երիտասարդների կողմից պահանջարկ կա, բայց Ամալյան կարծում է, որ տարեկան նունիսկ 5-6 ռեստավրատոր պատրաստելու դեպքում նրանց մեծ մասը աշխատանք չի ունենալու համապատասխան հաստիքների բացակայության պատճառով, «իսկ 1-2 հոգու համար ուսումնական հաստատությունը ծախս չի ուզում անի»։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման և պատմության ամբիոնում մի քանի տեսական առարկաների շրջանակում միայն ծանոթանում են մասնագիտությանը, վերջում նաև վերականգնման ոլորտում փոքր նախագիծ իրականացնում։ «Դեռ այդպես ամրապնդված չեն անցնում»,- նշում է ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը։
Այժմ ամբիոնը միայն ճարտարապետներ է թողարկում, ռեստավրատոր ճարտարապետներ դեռևս չեն պատրաստում։ Տարբեր տարիների միայն եղել է որոշակի մասնագիտացում, որն անցկացվել է միայն ավարտական աշխատանքի կատարման շրջանակներում։ Հիմա մասնագիտությունը կոչվում է ճարտարապետություն, և բոլորն այդ մասնագիտությունն են ստանում։
«Մեր երկիրը կարիք ունի, այսինքն՝ ծայրահեղ անհրաժեշտություն է վերականգնող ճարտարապետների սերնդափոխությունը, որովհետև իմ արած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերականգնող ճարտարապետների արտոնագիր ստացածների միջին տարիքը 60 է, մինչև 40 տարեկան մի ճարտարապետ կա ընդամենը, իսկ մինչև 50՝ 3»,- ասում է Էմմա Հարությունյանը։ Նրա խոսքով՝ համալսարանը, տեսնելով այս խնդիրը, լուրջ քայլեր է ձեռնարկել սերնդափոխություն ապահովելու համար, ինչը երիտասարդներին հնարավորություն կտա ստանալու վերականգնող ճարտարապետների որակավորում. «Այս տարվանից՝ 2023 թվականից մենք նախաձեռնել և մշակել ենք ուսումնական պլան՝ «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մասնագիտություն, այսինքն՝ ճարտարապետություն ընդհանուր մասնագիտության մեջ կլինի երկու մասնագիտացում. մեկը՝ ավելի ընդհանրական՝ ուղղակի ճարտարապետ, և մյուսը՝ շատ ավելի կոնկրետ՝ ճարտարապետական ժառանգության վերականգնում, որոնք կստանան շատ-շատ ավելի խորը մասնագիտական գիտելիքներ հենց վերականգնման վերաբերյալ։ Դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն և սպասում ենք իրենց պատասխանին, հուսանք՝ դրական կլինի»։
Ըստ ամբիոնի վարիչի՝ Հայաստանի հուշարձանների ցանկում ընդգրկված 24.000 հուշարձաններ կարիք ունեն վերականգնող ճարտարապետների հետազոտությունների և նախագծերի՝ չհաշված այն հուշարձանները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
«Առաջին քայլով մենք կպատրաստենք ճարտարապետներ, հաջորդ քայլով նախատեսելու ենք կոնստրուկտորներ և հարակից այլ մասնագետներ, որպեսզի թիմեր ստեղծվեն, որ կկարողանան հետագայում լիարժեք կերպով համատեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան վերականգնել հուշարձանները։ Փորձում ենք անել լավագույնը։ Ես ուրախությամբ եմ ասում, կարծում եմ՝ դա ձեռքբերում է, շատ լիահույս ենք, որ կկարողանանք դա իրականացնել»,- նշում է Էմմա Հարությունյանը։
Ուսումնական պլանը, որը նախարարության հաստատումը ստանալուց հետո պատրաստվում է ներդնել համալսարանը, արժանացել է Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի դրական կարծիքին։ «Հրավիրված են լինելու ոչ միայն մեր վերականգնող ճարտարապետները դասավանդելու, այլև եվրոպական առաջատար բուհերի հետ ունենք պայմանավորվածություններ։ Ամենակարևորը՝ փորձելու ենք առաջին կուրսից անմիջապես հետո ուսումնական պրակտիկան ՅՈՒՆԵՍԿՈ-ի փորձագետների ղեկավարությամբ անել և ոչ միայն Հայաստանում, որպեսզի կարողանան աշխատանքի մեջ մի քիչ թրծվել»,- իրենց ծրագրերի մանրամասներն է ներկայացնում ամբիոնի վարիչը։
Մատենադարանի ծրագրերում էլ կից դպրոցի ստեղծումն է, որը հնարավորություն կտա կադրերի ընտրություն արդեն իրենց աշակերտներից. «Փնտրում ենք դոնորներ, որ կարողանանք բացել դպրոցը: Դա լուրջ աշխատանք է ենթադրում, որովհետև այն, ինչ կապված է միջին մասնագիտական հաստատությունների հետ, շատ դանդաղ է տեղի ունենում, իսկ մենք հապաղելու ժամանակ չունենք»,- ասում է Ամալյա Հովսեփյանը:
Մշակույթի և արվեստի պետական քոլեջում արդեն 28 տարի ռեստավրացիա է դասավանդվում, ծանոթանում են կտավի, փայտի, գրաֆիկական աշխատանքների վերականգնմանը։ Ամբիոնի վարիչ Անի Ավագյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում, որը ռեստավրատորի որակավորում է տալիս։ Ըստ քոլեջի դասախոս Սամվել Ենոքյանի՝ ուսանողները, քոլեջում 4 տարի ուսանելուց հետո, միանշանակ պետք է շարունակեն կրթությունը. «Մեր 4 տարին շատ քիչ է։ Մենք միայն բազային մակարդակով ենք ուսումնասիրում մասնագիտությունը, չափորոշիչները թույլ չեն տալիս ավելի խորացված ձևաչափով կազմակերպել դասապրոցեսը, բայց մեր ուսանողներն առավելություն ունեն, որովհետև իրենք արդեն տիրապետում են մասնագիտությանը՝ նկարելուց մինչև վերականգնման պրոցես»։ Ուրախությամբ նշում են, որ քոլեջն ունի ուսանողներ, որոնք որպես ռեստավրատոր արդեն աշխատում են։
Սամվել Ենոքյանի խոսքով, այժմ հայաստանյան վերականգնողների նախաձեռնությամբ ստեղծվում է ռեստավրացիոն բազա, որը դեռևս առաջին քայլերն է անում։ Նպատակը Հայաստանի մակարդակով բոլոր մասնագետներին մեկտեղ հավաքելն է, որի գործառույթներից մեկն էլ գալիք սերնդի վերապատրաստումն է լինելու։
Գլխավոր լուսանկարում՝ Մատենադարանի աշխատակից Էմմա Սարկիսովան
Լյուդմիլա Շիրվանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել