HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կստեղծվի հավաքական թիմերի մարզման կենտրոն

Կառավարության նիստում այսօր՝ հունիսի 1-ին, հավանության է արժանացել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայում ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, առաջարկվում է հանել այդ ցանկից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մարզահամալիրը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում. ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Դահլիճներից մեկի բարձրությունը 9 մետր է, որը հնարավորություն է տալիս այնտեղ իրականացնելու ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ և մրցաշարեր:

«Մարզահամալիրը կարող է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածք դառնալ՝ սպորտային միջոցառումների և հավաքների համար: Այստեղ կարող են կազմակերպվել թե՛ խաղային, և՛ թե մենապայքարային մարզաձևերի պարապմունքներն ու հավաքները: Այս պահին հավաքական թիմերի հավաքների համար ունենք ընդամենը երկու հնարավորություն՝ Ծաղկաձորի մարզական բազան և Օլիմպավանը, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ: Հաշվի առնելով միջազգային մրցաշարերի կազմակերպման ու հյուրընկալման, ինչպես նաև մեր հավաքականների՝ տարբեր ուղղություններով գրանցած արդյունքները (նախորդ  տարի ռեկորդային թվով մեդալներ ենք ունեցել՝ 307, այս տարի արդեն 135 մեդալ՝ 10 մարզաձևից)` նոր ենթակառուցվածքների պահանջ կա»,- նշել է նախարարը և հավելել, որ այս պահին կառուցվում և վերակառուցվում են 12 մարզահամալիրներ և մարզադպրոցներ: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե նախատեսվում են արդյոք վերանորոգման աշխատանքներ, և ինչ վերջնաժամկետ է սահմանված, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ առկա են նախնական հաշվարկներ հետագա աշխատանքների՝ մարզահամալիրը  պատշաճ տեսքի բերելու համար: 

Անդրադառնալով վերջնաժամկետին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրենքի փոփոխությունը դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովում, որը հավելյալ ժամանակ կպահանջի: Քանի որ մենք դիմել մի քանի խոշոր միջազգային մրցաշարեր Հայաստանում անցկացնելու համար, օրինակ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ապա ցանկալի կլիներ, որ ենթակառուցվածքները պատրաստ լինեին 1-2 տարվա ընթացքում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է նաև, թե ինչպես են իրականացվելու հետագա սպասարկման աշխատանքները: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ այդ ենթակառուցվածքները կարող են նաև որոշակի եկամուտ բերել և գեներացնել այն միջոցները, որոնք կուղղվեն պահպանման ծախսերին. «Սա բերելու է մեր կողմից ուսումնամարզական հավաքների համար տրամադրվող գումարի որոշակի խնայողությունների.  այս պահին մենք աջակցում ենք ֆեդերացիաներին ուսումնամարզական հավաքները կազմակերպելու ոչ պետական որոշակի տարածքներում, որոնց համար հավելյալ վճարումներ ենք կատարում: Այն ժամանակահատվածներում, երբ հավաքականներն այդտեղ չեն անցկացնի մարզումներ, համալիրը կարող է օգտագործվել տարբեր մրցաշարերի կազմակերպման, վարձակալության և այլ նպատակներով՝ այդպես ապահովելով սեփական եկամուտներ»: 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ սպորտի ոլորտի ռազմավարության նախագծում ենթակառուցվածքների կառավարումն և դրանց եկամուտների գեներացման մոդելների մշակումն առանձին ուղղություն է, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության տարբերակով:

Մարզական կենտրոնի տարածքը գտնվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում:

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Հարգելի խմբագրություն. Այսպիսի մարզահամալիր կառուցելու առաջարկությունը ես 1 տարի առաջ ուղարկել եմ Սփյուռ տեղեկատվական կենտրոնի բիզնես նախագծերի բաժնի էլ. փոստին։ Ես գրանցվել էի այդ հարթակում և ինձ զանգահարել էին և խնդրել գրավոր ներկայացնել պրոեկտը։ Ես նույնիսկ նկարներ էի բեռնել Մոսկվայում գտնվող մարտարվեստների կենտրոնից։ Այնտեղ մանրամասը ներկայացրել էի թե ինչ է պետք անել որ այդ հսկա համալիրը ծածկի իր ծախսերը։ Առաջարկելով այնտեղ անցկացնել միջազգային մրցաշարեր իսկ ազատ ժամանակ այն տրամադրել վարձակալության։Իսկ հիմա այս նախագիծը ԿԳՄՍ վերագրում է իրեն և ներկայացնում ազգային ժողովի հաստատմանը։։ Այսպես են իրենցով անում լավ նախագծերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter