ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել երկու հայ զինծառայողի վերաբերյալ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ՀՀ գրասենյակը հայտնում է, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև 2023թ․ թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝
-արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ,
-եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ: Մայիսի 27-ին ՊՆ-ն հաղորդեց, որ հայտնաբերվել է կորած զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել մարտական հենակետերի համար նախատեսված սննդով ու ջրով:
«Հայտնաբերված մեքենայում նաեւ առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու եւ տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առեւանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտնել էր պաշտպանական գերատեսչությունը։
Մեկնաբանել