Դուբայի տները չհայտարարագրած նախկին պաշտոնյաների մասին «Հետքի» հոդվածից հետո փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթ է սկսվել
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հրապարակման հիման վրա, որում անդրադարձել էինք նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաների եւ նրանց հարազատների կողմից Դուբայում ձեռք բերված, սակայն չհայտարարագրված անշարժ գույքին:
Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա եղբոր՝ նախկին պատգամավոր (մինչ այդ էլ եղել է քաղաքաշինության փոխնախարար, ապա՝ Քաղշինպետկոմի նախագահի տեղակալ) Հակոբ Բեգլարյանի, ինչպես նաեւ նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի ու Հրանտ Դավթյանի մասին է: Ալեքսանյանի ու Դավթյանի չհայտարարագրված արաբական գույքի համասեփականատեր են նրանց կանայք: Անդրադարձել էինք նաեւ Հ. Դավթյանի եղբոր ձեռք բերած բնակարանին, չնայած վերջինս պաշտոնյա չի եղել:
Հարցն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է համարվում 2017 թ. հուլիսից: Վերը նշվածներից միայն Գագիկ Բեգլարյանն է, որ վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2017-ի փետրվարին, մյուսները շարունակել են հայտարարագրեր լրացնել 2017-ի հուլիսից հետո, երբ Քրեական օրենսգրքով (խոսքը նախկին օրենսգրքի մասին է) նախատեսվել է, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:
Այդուհանդերձ, Գագիկ Բեգլարյանն անցնում է մի քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն: Այն, ըստ Գլխավոր դատախազության, առնչվում է Երեւանում եւ այլ բնակավայրերում առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, այդ թվում՝ մանկապարտեզների շենք-շինություններ հափշտակելուն: 2022 թ. նոյեմբերին Գ. Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է առաջադրվել նախկին ՔՕ մի քանի հոդվածներով:
Նախկին պաշտոնյան անցնում է նաեւ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով: Գլխավոր դատախազությունը ցանկանում է դատարանի միջոցով բռնագանձել Գ. Բեգլարյանին, նրա կնոջը, որդուն ու դստերը պատկանող եւ, ըստ Դատախազության, ապօրինի ծագում ունեցող մեծածավալ գույքը:
Դատարանում քրեական գործով մեղադրյալ են Հրանտ Դավթյանն ու նրա որդին, որոնք, ըստ Դատախազության, ամբողջությամբ չեն հայտարարագրել Հայաստանում ունեցած իրենց գույքը: Գործը ներկայում գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում: Սրա հիմքում եղել է 2018-ի աշնանը «Հետքի» առաջին հրապարակումը Դուբայում հայ պաշտոնյաների ու մեծահարուստների ձեռք բերած գույքի մասին, որում եւս գրել էինք Հ. Դավթյանի մասին, սակայն այդ հոդվածում ներկայացված արաբական բնակարանը նա հայտարարագրել էր, փոխարենը թերացել էր հայաստանյան գույքի մասով:
Մեր երկրորդ հետաքննությունը ցույց է տվել, որ Հրանտ Դավթյանը նաեւ երկրորդ բնակարան ունի Դուբայում, որը, սակայն, չի հայտարարագրել: Սրա մասին հայ իրավապահները տեղեկություններ չեն ունեցել մինչեւ մեր հրապարակումը: Տեղեկություններ չեն եղել նաեւ վերոնշյալ մյուս նախկին պաշտոնյաների արաբական անշարժ գույքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում խոստովանել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ իրենք իրավական օգնության շրջանակներում նման տվյալներ չէին ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից: Բանն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ իրավապահները տեղեկություններ են ունեցել Բեգլարյաններին պատկանող արաբական ընկերության, բայց ոչ անշարժ գույքի մասին:
Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք, թե մեր երկրորդ հրապարակումից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել, արդյոք իրավապահ մարմիններից որեւէ մեկում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատախազությունը փոխանցել է, որ «Հետքի» հոդվածն ուսումնասիրվել է իրենց մոտ, ապա ուղարկվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
ՔԴՕ 173-րդ հոդվածը սահմանում է, որ «զանգվածային լրատվության միջոցներում առերեւույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել»: Այս դրույթի հիման վրա ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ գործող Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ: Այս դեպքում առանձնապես խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող գումարը:
Գլխավոր դատախազությունից նաեւ հայտնել են, որ ներկա պահին քրեական վարույթի շրջանակներում որեւէ անձի հանդեպ քրեական հետապնդում չի հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել