
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տեղափոխում են Վերաքննիչ դատարան
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոռ Հարությունյանին տեղափոխել Երևան՝ Վերաքննիչ դատարան:
Մայիսի 23-ին ԲԴԽ-ն որոշել է հանրապետության նախագահին առաջարկել Գոռ Հարությունյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Եթե նախագահը Գոռ Հարությունյանին նշանակի Վերաքննիչ դատարանի դատավոր, հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից նրա՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները կդադարեն:
Փորձեցինք դատավոր Գոռ Հարությունյանի աշխատակազմից տեղեկանալ, թե այս պահին քանի անավարտ գործ ունի իր վարույթում: Դատավորի օգնականը փոխանցեց, թե տեղեկատվությունը կարող ենք փնտրել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:
Թեև վստահ ենք, որ մեխանիկական եղանակով «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկատվություն ստանալը կարող է ունենալ անճշտություն, սակայն հետևելով դատավորի օգնականի խորհրդին՝ հաշվեցինք, որ Գ. Հարությունյանի վարույթում կա 200-ից ավել անավարտ գործ:
Հարությունյանը Շիրակի մարզում դատավոր նշանակվել է 2019թ. փետրվարին, իսկ նույն տարվա հուլիսին դարձել է նույն դատարանի նախագահը՝ 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, երբ Շիրակի մարզի դատավորներին տեղափոխում են այլ դատարան, ինչն առաջացնում է մարզում աշխատող փաստաբանների դժգոհությունը:
Փաստաբանները նշում էին, որ ԲԴԽ-ն դատավորների տեղափոխությունով կաթվածահար է անում արդարադատությունը Շիրակի մարզում: Տեղափոխվող դատավորների վարույթում գտնվող գործերը մակագրվում են այլ դատավորների, և գործի քննությունը սկսվում է նորից:
Մեկնաբանել