«Մահվան խմբում» մահից կազատվեն երկուսը
Այսօր հայտնի կդառնան «Եվրո-2012»-ի 1/4 եզրափակչում Չեխիայի ու Հունաստանի մրցակիցները: B խմբում առաջին տեղ գրաված թիմը կմրցի հույների, իսկ երկրորդը՝ չեխերի հետ: Միանգամից նշենք, որ «մահվան խմբում» լարված մթնոլորտ է, եւ այսօր երկու թիմ է միայն ազատվելու մահվան ճիրաններից:
Գերմանիան ունի 6, Պորտուգալիան ու Դանիան՝ 3-ական, Հոլանդիան՝ 0 միավոր: Սակայն նույնիսկ վան Մարվեյկի սաները կարող են 1/4 դուրս գալ. ամեն ինչ կախված է կոնկրետ արդյունքներից եւ գոլերի քանակից:
Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում խաղալու է Պորտուգալիա-Հոլանդիա զույգը: Հոլանդացիներին միայն ու միայն հաղթանակ է պետք երկու գնդակի առավելությամբ, բացի այդ՝ նրանց անհրաժեշտ է, որ դանիացիները պարտվեն գերմանացիներին: Պորտուգալացիները հաղթելու դեպքում կապահովեն 1/4-ի ուղեգիրը, բայց միեւնույն ժամանակ պետք է, որ դանիացիները գերմանացիներին չհաղթեն մեկ գնդակի տարբերությամբ (պորտուգալացիներին այս դեպքում ձեռնտու է միայն դանիացիների հաղթանակը 1-0 կամ 2-1 հաշիվներով): Բենտուի սաները կարող են նաեւ ոչ-ոքի խաղալ, եթե գերմանացիները չպարտվեն դանիացիներին: Բացի այդ՝ պորտուգալացիներն իրենց կարող են թույլ տալ նաեւ պարտվել մեկ գնդակի տարբերությամբ, եթե դանիացիները նույնպես պարտվեն:
Կարճ ասած տարբերակները շատ են, սակայն քանի որ խաղերը կայանալու են նույն 22:45-ին, թիմերը պետք է հույսը միայն իրենց վրա դնեն եւ ոչ թե նայեն մրցակից զույգի խաղին:
Պորտուգալացիները պատմական առավելություն ունեն հոլանդացիների նկատմամբ. 6 խաղում հաղթել են, 1 ոչ-ոքի խաղացել, 3 պարտություն կրել: Սակայն գրավառուները չնչին առավելություն են տալիս հենց հոլանդացիներին. Պորտուգալիա՝ 2,75, ոչ-ոքի՝ 3,35, Հոլանդիա՝ 2,57 («Տոտո»), Պորտուգալիա՝ 2,7, ոչ-ոքի՝ 3,45, Հոլանդիա՝ 2,55 («Վիվառո»):
Դանիա-Գերմանիա զույգում էլ հետաքրքիր պայքար է սպասվում: 1992-ին դանիացիները հենց գերմանացիներին հաղթեցին ու դարձան Եվրոպայի չեմպիոն: Ընդ որում՝ սկանդինավները պարզապես որպես փոխարինող էին հանդես գալիս որակազրկված Հարավսլավիային:
Սակայն գրավառուները Յոահիմ Լյովի գերմանական մեքենայի նկատմամբ կարծես կասկածներ չունեն. նրանց գործակիցներն այսպիսին են. Դանիա՝ 6,05, ոչ-ոքի՝ 3,65, Գերմանիա՝ 1,63 («Տոտո»), Դանիա՝ 6, ոչ-ոքի՝ 3,65, Գերմանիա՝ 1,62 («Վիվառո»):
Լուս.՝ Sportsfile-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել