HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիլեկն ուրախ է, իսկ Սմուդան հեռանում է գլուխը բարձր

«Եվրո-2012»-ում լեհերին 1-0 հաղթելուց եւ 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո չեխերի մարզիչ Միխալ Բիլեկը չի թաքցրել իր ուրախությունը: Ըստ նրա՝ իր թիմն արժանիորեն է դուրս եկել հաջորդ փուլ, եւ բոլորը բավարարված են, քանի որ հաղթել են տանը հանդես եկող թիմի:

«Առաջին կեսի վերջում սկսեցինք ավելացնել: Գիտեինք, որ հույները մյուս խաղում բացել էին հաշիվը: Տղաներին ասացի, որ պետք է հանգստություն պահպանել եւ ուշադիր գործել պաշտպանությունում: Երբեմն ունենում էինք խնդիրներ, սակայն միեւնույն ժամանակ վտանգավոր հակագրոհներ էինք ստեղծում: Դրանցից մեկը գոլով ավարտվեց»,- ասել է Բիլեկը:    

Մարզիչը նշել է, որ ռուսներից իրենք չորս գոլ են բաց թողել, որովհետեւ առաջին խաղում մոռացել էին պաշտպանության մասին, սակայն հետո կատարել են ճիշտ եզրահանգումներ ու պաշտպանվել են ավելի լավ: «Մենք հիանալի ֆուտբոլ ենք ցուցադրում, եւ ամենակարեւորը՝ ցանկանում ենք դա անել»,- ավելացրել է մասնագետը:

Լեհերի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան այլեւս չի մարզի հավաքականը, քանի որ մինչ այդ արդեն ֆեդերացիայի նախագահ Գժեգոժ Լյատոյի հետ պայմանավորվել էր, որ անհաջողության դեպքում լքելու է պաշտոնը: Սմուդայի կարծիքով՝ թիմը շատ ինքնավստահ էր, որ այս խաղում հաղթելու է, իսկ չեխերը հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին եւ գոլ խփեցին, այնինչ լեհ ֆուտբոլիստները չկարողացան իրացնել իրենց պահերը: 

Սմուդան, սակայն, նշել է, որ թողնում է երիտասարդ ու ապագա ունեցող թիմ: Ըստ նրա՝ ներկայիս կոլեկտիվը քիչ բանի չի հասել ու աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլ մտնելու լավ հեռանկար ունի: 

Լուս.՝ չեխերը ցնծում են (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter