HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրում կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը:

«Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: 
***
Երևանյան շինհրապարակներում պետք է տեղադրվեն միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Ասիական զարգացման բանկի հետ՝ տեխնիկական աջակցության միջոցների տրամադրման և միջազգային խորհրդատուի ներգրավման նպատակով:

Համայնքն, ի դեպ, կառուցապատող ընկերությունների առջև արդեն իսկ շինհրապարակներում փոշեորսիչ ցանցերի առկայության հստակ պահանջ է դրել:  Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քաղաքային ծրագրերն  իրականացնող ընկերությունների գործում ևս հետևողական լինել և հետևել սահմանված նորմերի պահպանմանը: 
***
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին: Ի դեպ, հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի, երթուղում կկատարվի փոփոխություն: Մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի դեպի Կիևյան, Հալաբյան փողոցներ և կհասնի Եղվարդի խճուղի՝ այս կերպ սպասարկելով նաև Դավթաշեն վարչական շրջանը: 
***
Ամիրյան փողոցում ավարտական փուլում է օդային մալուխները գետնի տակ տեղափոխելու գործընթացը: Ծրագիրն իրականացվում է նաև Աճառյան փողոցում: Նախագծով «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: Հանձնարարվել է ապահովել ծրագրի շարունակականությունն ու դիտարկել նաև այլ փողոցներ: 
***

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու հիմնանորոգումն ավարտական փուլում է: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգիստ կազմակերպելու հարմարավետ պայմաններ կստեղծվեն: 
***
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում կկառուցվի շատրվանային համալիր, կտրվեն տարածքին համահունչ լուծումներ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:  
***
Վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակով գույքագրվել են, գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Համայնքը շուրջ 100 առաջարկ է ներկայացրել: Միջոցներ են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter