
Բժշկական ապրանքների շրջանառության անցումային դրույթները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ կարգերին
Առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, որով բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ կարգերին։ Սա սահմանված է ԵԱՏՄ մասին Համաձայնագրով։
Ըստ ԱՆ-ի՝ նախագծի ընդունմամբ կկանխվեն բժշկական արտադրատեսակների մատակարարման և բժշկական սպասարկման հնարավոր խափանումները:
Դեռևս 2022թ փետրվար 13-ին հրապարակվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ԵՏՀ խորհրդի արձանագրությունը, որով ազգային կարգերից ԵԱՏՄ կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը 2022թ դեկտեմբերի 31-ից հետաձգվել է մինչև 2025թ դեկտեմբերի 31-ը:
Այսինքն՝ այս փոփոխությամբ բժշկական արտադրատեսակների ԵԱՏՄ գրանցամատյանի ձևավորումը կձգվի մինչև 2026թ:
ԱՆ առաջարկվող նախագծով՝ փոփոխություններ կկատարվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում։
Սակայն նշենք, որ փոփոխությունները կլինեն միայն անցումային դրույթներում, որոնք ուժի մեջ դեռ չեն մտել:
«Փոփոխության պահանջը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Օրենքի կիրարկումն ապահովող որոշ առանցքային ՀՀ ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը դեռ չի ավարտվել, ինչով տնտեսվարողների համար պլանավորման և նախապատրաստման համար մնացորդային ժամանակը խիստ անբավարար էր»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։
Մեկնաբանել