HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Լոռիում և Շիրակում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը

Պարզվել է, որ 2022թ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ոստիկանության Թումանյանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն երիտասարդներից մեկը, ով հանդիսանում է Լոռու մարզի Աքորի գյուղի 25-ամյա բնակիչ, հրաժարվել է կատարել պահանջը, ինչի կապակցությամբ վերջիններս իրավաչափորեն փորձել են ձերբակալել ու ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխել նրան:

Ի պատասխան՝ երիտասարդը, ով, քննության տվյալներով, գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ձեռքով հարվածել է պարեկներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, և վնասել վերջինիս համազգեստին ամրացված ծառայողական տեսախցիկը:

Այնուհետև, ձեռբակալվելուց և ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխվելուց հետո, իրեն վատ զգալու պատրվակով խնդրելով ձեռքերն ազատել ձեռնաշղթաներից և օգտվելով ոստիկանության ծառոյողների կողմից իր խնդրանքը կատարելու հանգամանքից՝ երիտասարդը բռնություն է գործադրել նրանց նկատմամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել երկու կրտսեր պարեկների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մեկ այլ դեպքով ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2022թ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 27-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով  մոտեցել է ՀՀ ոստիկանության՝ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնին և այն  կայանել ոստիկանության բաժնի մուտքի դիմաց՝ երթևեկելի մասի «դեղին հոծ գիծ» ճանապարհային արգելող գծանշման ազդման գոտում: Այնուհետև երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել  ոստիկանության բաժնի մուտքի ճաղավանդակե դռանը, որտեղ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբի կազմում, երիտասարդին տեղեկացրել է կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ  և առաջարկել ավտոմեքենան տեղափոխել ու կայանել մեկ այլ վայրում: Ի պատասխան՝ երիտասարդը հրաժարվել է կատարել իր ոստիկանի կողմից ներկայացված օրինական պահանջը և, ձեռքը մտցնելով ոստիկանության բաժնի մուտքի դռան ճաղավանդակից ներս, հարվածել է նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ այդ կերպ տեսուչի նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter