HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի մի շարք խանութներում վաճառել են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է, որ  վերջին շրջանում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։

«Չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են  վարչական վարույթներ, որոնց մի մասը  ենթարկվել են վարչական տույժի, իսկ մնացածին` վարքագծի դրական փոփոխությամբ  պայմանավորված, տրվել  է հնարավորություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված  գներով  իրացնել վաճառվող ապրանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Հաշվի առնելով այս  հանգամանքները` վաղվանից  ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի համապատասխան տեսչության կողմից լինելու են համալիր ստուգումներ, որոնց արդյունքում հաստատված սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում` 500,000-ից 1,000,000 դրամի շրջանակներում,  իսկ կրկնվելու դեպքում կասեցվելու է  տվյալ վաճառքի կետի տնտեսական գործունեությունը։ Այդ ստուգումները լինելու են շարունակական:

Կոմիտեն կոչ է անում բոլոր այն տնտեսվարողներին, որոնց մոտ կան խախտումներ, շատ արագ բոլոր ապրանքների սահմանված գնապիտակները տեղադրել վաճառվող ապրանքատեսակների վրա։

«Համընդհանուր այս դժվար վիճակում խնդրում ենք  չստեղծել հավելյալ խնդիրներ սպառողների ու պետության համար՝ ստիպելով լիազոր վարչական մարմնին կիրառել օրենքով սահմանված կոշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter