HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մոդելը վերանայելու կարիք կա». արտադրական կանեփի նախագիծը դրական եզրակացություն չստացավ

2021թ. ապրիլի 29-ին Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում էր թույլատրել արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր տնտեսվարողների համար որոշակի խոչընդոտները փոփոխությունների ենթարկելու հարցը։

Կառավարության օրենքի նախագծի ընդունումից շուրջ 2 տարի անց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր չկարողացավ համաձայնության գալ՝ դրական եզրակացություն չտալով նախագծին։

Նախագիծը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ առաջին ընթերցումն անցնելուց հետո նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

Առաջարկվում է այժմ տնտեսվարողներին հնարավորություն տալ մինչև երկու տարվա ընթացքում պատրաստել արտադրություն՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով, քանի որ մտահոգություն էր հնչել, որ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինի։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը դժգոհություն հայտնեց նախագծի և նախագիծը ներկայացնող մարմնի վերաբերյալ։

«Մենք ընդունել ենք համապատասխան կարգավորումներ արտադրական կանեփի հետ կապված, որպեսզի Հայաստանում էս ուղղությունը զարգանա, բայց էսօր կարող ենք ասել, որ, ըստ էության, մենք էդ առումով տեղաշարժ չունենք։ Էն ակնկալիքները, որոնք կային տնտեսական առումով, չեն արդարացել ինչ-ինչ պատճառներով։ Հիմա փորձում ենք էդ խոչընդոտները վերացնել, որ էս բիզնեսը զարգանա»,- նշեց նա։

Պատասխանելով Թունյանին՝ առողջապահության փոխնախարարը նշեց, որ այս 1,5-2 տարվա ընթացքում, երբ արդեն օրենքն ու ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել, և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վեր են հանել այդ ընթացքում որոշ խնդիրներ կամ բացթողումներ, և հիմա խոչընդոտներն ու բացթողումները վերացնելով՝ նպատակ են հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի։

«Ինչ վերաբերում է որոշակի նպատակներ ունենալուն, որոնց չհասանք, ներկայացնեմ, որ որոշ կազմակերպություններ դիմել են, և ունենք արդեն մեկ կազմակերպություն, որ գործընթացն անում է։ Բացթողումները վերացվել են, և ակտիվ աշխատելով՝ փորձում են նպաստել, որ օրենքն արդյունավետ կիրարկվի»,- ասաց նա։

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ երբ այս նախագիծն ամենասկզբում քննարկվում էր, խոսք էր գնում միլիոնավոր դոլարների շրջանառության մասին, այսինքն՝ այն բավական եկամտաբեր ու գրավիչ բիզնես էր, այժմ ո՞րն է պատճառը, որ ընդամենը մեկ կազմակերպություն է այսօր զբաղվում այդ բիզնեսով, այն էլ՝ կիսատ-պռատ։

Պատասխանելով հարցին՝ Նանուշյանն ասաց, որ որոշ խոչընդոտներ այժմ լուծվում են։

«Թե ինչու միլիոնավոր դոլարները չեն աշխատել, չեմ կարող ասել»,- նշեց նա։

Թունյանը հետաքրքրվեց՝ նախագիծն ի սկզբանե էկոնոմիկայի նախարարությունն էր ներկայացնում, հիմա արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ շարունակեր էկոնոմիկան, որովհետև նախագիծը վերաբերում է տնտեսությանը։

Առողջապահության փոխնախարարը նշեց, որ Կառավարության որոշմամբ է նախագիծը ներկայացնում Առողջապահության նախարարությունը։

«Մտահոգությունը ներկայացվել է փոխվարչապետին՝ առաջարկը քննարկելու համար»,- ասաց նա։

Բաբկեն Թունյանը հարցրեց՝ ի՞նչ չափի շրջանառության մասին է խոսքը, ի՞նչ եկամուտների, ի՞նչ հարկերի մասին կարող են խոսել, մոտավոր հաշվարկներ կա՞ն։

Լենա Նանուշյանը նշեց, որ չի կարող պատասխանել հարցին։

«Դրա համար պետք է Էկոնոմիկայի նախարարությունը զբաղվի»,- մեկնաբանեց Թունյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման ժամանակ նշեց՝ երկու տարի առաջ դիտարկում էին, որ ունենան այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ։

«Երկու տարի անց, երբ ունենք մեկ ընկերություն, որն ախորժակը կորցրել է էս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն էլ ունի, մեր կարծիքով կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայելու։ Էսօր մենք մոդել չենք վերանայում, փոփոխություններ ենք կատարում, էլի լիցենզավորման մուտքի գինը մնում է շատ բարձր, կարգավորումներն էնքան կաշկանդող են, որ, այնուամենայնիվ, էս փոփոխությունների արդյունքում տնտեսական ազդեցություն չենք ունենա։ Կարող է մեկ տնտեսվարող սկսի աշխատել, մի քանիսն էլ լինեն, բայց դրանք կլինեն մի ձեռքի մատների վրա հաշված ընկերություններ։ Մեր առաջարկը մոդելի փոփոխություն քննարկելն է և ներկայացնել ոլորտի զարգացման այլ ռազմավարություն»,- ասաց Քերոբյանը։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, և ասաց, որ լիագումար նիստում կարող են քվեարկել և հետ տանել առաջին ընթերցում։

Լենա Նանուշյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ հանձնաժողովում քննարկվել և ընդունվել է, իրենք առաջարկներ չեն ստացել հանձնաժողովի անդամների կողմից, և առաջարկեց ընդունել այն։

«Ինչքան հետաձգում ենք, էդքան խոչընդոտները պահպանվելու են տնտեսվարողների համար»,- նշեց փոխնախարարը։

Նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter