
Նախկին դատավորը վիճարկում է 16 տարի առաջ լիազորությունները դադարեցնելու որոշումը
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը պաշտոնաթողությունից 16 տարի անց դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Կառավարության և Հանրապետության նախագահի: Նա պահանջում է անվավեր ճանաչել Արդարադատության խորհրդի 2007թ. հոկտեմբերի 12-ի որոշումը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև անվավեր ճանաչել լիազորությունները դադարեցնելու մասին նախագահի հրամանագիրը:
Արդարադատության խորհուրդը 2007թ. հոկտեմբերի 12-ին որոշել էր միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին` դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցնելու համար: Ինչից հետո նախագահը ստորագրել էր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրամանագիրը՝ բավարարելով խորհրդի միջնորդությունը:
Պարգև Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այն պատճառաբանությամբ, որ նրա կողմից կայացրած դատավճիռներում տեղ են գտել օրինախախտումներ:
Այդ ժամանակ իշխանությունները լարվեցին Պ. Օհանյանի դեմ, երբ վերջինս Հայաստան սուրճ ներկրող «Ռոյալ-Արմենիա» ընկերության ղեկավարների գործով արդարացման դատավճիռ կայացրեց: Վերջիններս մեղադրվում էին մաքսանենգ ճանապարհով մոտ 1 մլրդ 580 մլն դրամի կանաչ սուրճ, բրինձ և պղպեղ ներմուծելու մեջ:
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին: Սակայն, հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ կայացված չէ:
Լուսանկարը՝ Պարգև Օհանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել