Ամփոփվում են բնակարաններով ապահովման ծրագրին դիմած շուրջ 5000 հանրային ծառայողի հայտերը
Հանրային շուրջ 5000 ծառայող բնակարաններով ապահովման պետական ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել: Այս մասին հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։
«Պետական համակարգի 43 մարմնից Քաղաքաշինության կոմիտե ներկայացված դիմումների քանակը կրկնակի ավելի է «Կոմիտաս պարկ» թաղամասում հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի առաջին փուլով ստացված դիմումներից:
Ներկայում դիմում-հայտերի գրանցման փուլն է: Քաղաքաշինության կոմիտեն աստիճանաբար բոլոր դիմումատուներին էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանուն և գաղտնաբառ է տրամադրում՝ հաջորդիվ կիրառելու համար: Ստուգվում է դիմումների համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին, օրինակ՝ արդյոք նախկինում դիմումատուն կամ նրա ամուսինը կնքել է պայմանագիր Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված պետական ծրագրերից որևէ մեկի շրջանակում, կամ տեղափոխվել է պետական համակարգից դուրս աշխատանքի և այլևս հանրային ծառայող չէ, կամ գուցե աշխատավայրը Երևան քաղաքում չէ:
Բոլոր ճշգրտումները, դիմումների գրանցումներն ավարտելուց հետո ծրագրի հավակնորդների ցանկը կհաստատվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով և կտեղադրվի կոմիտեի www.minurban.am պաշտոնական կայքում ու www.statemultiapartment.am հարթակում: Այդ մասին դիմումատուները կտեղեկանան նաև՝ իրենց էլեկտրոնային հասցեին ծանուցում ստանալով:
Այնուհետև նախապատրաստվելու է վիճակահանության փուլը, որին մասնակցելու համար որոշմամբ սահմանված կարգով նախատեսված է համապատասխան վճար:
Դիմում ներկայացրած հանրային ծառայողներն իրավունք ունեն նախքան վիճակահանությունը հրաժարվել ծրագրի մասնակցությունից: Կարևոր է նախքան վճարման փուլի մեկնարկը դիմել ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր՝ վարկունակությունը գնահատելու համար: Բանկերի առաջարկներին կարելի է ծանոթանալ էլեկտրոնային հարթակի «Փաստաթղթեր» ենթաբաժնում (www.statemultiapartment.am/documents):
Ծրագրի շրջանակում բաշխվելու է 348 բնակարան և նույնքան ավտոկայանատեղի Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս պարկ» թաղամասի բազմաբնակարան շենքային համալիրի 5 մասնաշենքից: Ծրագրով նախատեսված է արտոնություն հանրային այն ծառայողների համար, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում. նրանց նախընտրած բնակարանը կտրվի առանց վիճակահանության:
Հետագա բոլոր քայլերի մասին ծրագրին դիմողները լրացուցիչ կտեղեկացվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել