HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ոսկե ծիրան» 2012. «դժվար է գուշակել` որ ֆիլմը կհաղթի»

«Ոսկե ծիրան»  երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է շուրջ 65 ֆիլմ, որոնք ըտնրվել են 1250 հայտից: Ֆիլմերը ներկայացվելու են 4 հիմնական մրցույթներում` խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր»:

Վավերագրական բաժնում ներկայացված ավելի քան 600 ֆիլմից մրցույթի համար ընտրվել են 12-ը: Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքերով` ներկայացված են թե արդեն հայտնի և մրցանակակիր ֆիլմեր («Հատուկ թռիչք», Շվեյցարի 2011, «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին», Ռուսաստան, 2011 և այլն), թե այնպիսի ֆիլմեր, որոնք դեռևս ոչ մի փառատոնի չեն մասնակցել:

Ա. Խանջյանը համոզված է, որ այս ֆիլմերից հաճույք կստանան թե վավերագրական ֆիլմերի սիրահարները, թե մասնագետները: Նրա համար դժվար է ասել, թե որ ֆիլմը կհաղթի, որովհետև կինոփառատոնի պատմության ընթացքում միայն մեկ անգամ է նրա կարծիքը համընկել ժյուրիի կարծիքի հետ, սակայն նա առանձնացնում է հատկապես Ֆրանսիայի «Հեռավոր կյանք» և Սերբիայի «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմերը: 

Վավերագրական ֆիլմերի շարքում ներկայացված է նաև հայազգի Արման Երիցյանի 2012 թ.-ի «Donkeymentory» ֆիլմը, որը նկարահանվել է Աֆրիկայում: Ֆիլմի վերնագիրը չի թարգմանվել, քանի որ այն բառախաղ է:

Վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահն է ռուս կինոռեժիսոր Մարինա Ռազբեժկինան, իսկ ժյուրիի կազմում են՝ Անտոնիո Դելգադոն (Իսպանիա),  Նանա Ջանելիձեն (Վրաստան), Ցվետանա Պասկալևան (Բուլղարիա) և Նունե Սարգսյանը (Հայաստան):

«Հայկական համայնաապատկեր» ծրագրի համադրող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ այս տարի ծրագիրը բաժանվել է խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական մրցութային մասերի, որոնք գնահատվելու են առանձին: Ներկայացված շուրջ 70 ֆիլմերից ընտրվել են 28-ը: Կան նաև հայկական ֆիլմեր, որոնք մասնակցելու են արտամրցութային այլ ծրագրերի:

Այս մրցույթի ժյուրիի կազմում են Լի Սանգ Յոնգը (Հարավային Կորեա), կինոքննադատ Էմիլիա Հավիրովան (Չեխիա), կինոռեժիսոր Վալերի Բալայանը (Հայաստան), պրոդյուսեր Ադելինա ֆոն Ֆուրցենբերգ (Շվեյցարիա), Սիտորա Ալիևա (Ռուսաստան) և գրող Վիկեն Բերբերյան, ով ներկայացնում է ԱՄՆ-ն:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի համար ընտրվել է 39 ֆիլմ, որոնք ներկայացնում են 24 երկիր: Ծրագրի համակարգող, ռեժիսոր Արամ Շահբազյանը նշեց, որ եթե նախորդ տարի մրցույթի համար ներկայացվել էր 136 հայտ, ապա այս տարի հայտերի թիվը 560 է: Նրա խոսքերով` հետաքրքիր ֆիլմերը շատ են, և չի կարողանում գուշակել` որ ֆիլմը կհաղթի:

Այս մրցույթի համար ընտրվել է ժյուրիի 3 անդամ` Ալյոնա Շումակովա (Իտալիա), Ալեքսեյ Մեդվեդև (Ռուսաստան) և Տորուն Նյե (Նորվեգիա):

Այս տարի  «Ոսկե ծիրան» կինոփառատոնy կանցկացվի հուլիսի 8-ից 15-ը: Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայցված է նաև համշենահայ Օսջան Ալպերի «Ապագան հավերժ է» ֆիլմը: Վերջինս կինոփառատոնին մասնակցել է նաև 2009 թ.-ին իր «Աշուն» ֆիլմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter