Հետքերը թաքցնելու համար 44-ամյա և 46-ամյա տղամարդիկ դիակը գցել էին ջրափոսը
Մայիսի 5-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով:Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը:
44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են: Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել