Թուֆենկյան hիմնադրամն ընդլայնում է Արցախի պարենային անվտանգության ծրագիրը
Համաձայն Արցախի Գյուղատնտեսության Նախարարության Գյուղի Աջակցության Հիմնադրամի (ԳԱՀ) հետ ստորագրած պայմանագրի` Թուֆենկյան հիմնադրամը սուբսիդավորել է 154 տոննա առաջին անհրաժեշտության մշակաբույսերի սերմնացուների բաշխումը, որպեսզի դրանք անվճար տրամադրվեն Արցախի բոլոր գյուղացիներին: Այս մասին հաղորդում է Թուֆենկյան հիմնադրամի հանրային կապերի բաժինը։
Այս նախաձեռնությունը հանդիսանում է ավելի մեծ ծրագրի մաս, որը Թուֆենկյան Հիմնադրամը և Գյուղատնտեսության Նախարարությունը համատեղ իրականացնում են՝ օգնելու Արցախին դառնալ ավելին ինքնաբավ:
Սերմերը ներմուծվել են մինչև ադրբեջանական ռեժիմի ապրիլի վերջին Արցախն Հայաստանին կապող միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: ԳԱՀ հետ համագործակցությամբ անվճար բաժանվում են հնդկաձավարի, ոլոռի, ոսպի և կտավատի սերմեր այն բոլոր Արցախի գյուղացիներին, ովքեր ունեն մինչև 1,5 հեկտար հողատարածք: Կենդանիների կերերի համար օգտագործվող առվույտի և կորնգան բույսերի սերմերը ևս անվճար բաժանվել են գյուղացիներին:
Արցախի պարենային մթերքների արտադրական հզորության մեծացման անհրաժեշտությունը աճել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Շրջափակումը շարունակվում է ավելի քան հինգ ամիս՝ առաջացնելով սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների խիստ պակաս։
«Շարունակվող ճգնաժամի պայմաններում մենք կշարունակենք համագործակցել Արցախի կառավարության և գյուղացիների հետ՝ օգնելով ապահովել այդքան անհրաժեշտ պարենային անվտանգությունը», - ասել է Թուֆենկյան Հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանը։ «Մենք հպարտ ենք, որ ունենք առատաձեռն աջակիցներ, որոնց անսասան նվիրվածությունն Արցախին օգնում է հնարավոր դարձնել նման արդյունավետ ծրագրեր», - եզրափակեց նա:
Ապրիլ ամսին Թուֆենկյան Հիմնադրամը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հայկական ծառ» ծրագրի հետ համատեղ 90 տոննա կարտոֆիլի սերմացու է տրամադրել Արցախի Մարտունու շրջանի գյուղացիներին։ Թուֆենկյան Հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը Արցախի Գյուղատնտեսության նախարարության հետ՝ մշակելով այլ ծրագրեր, որոնք ուղղված են Արցախի պարենային անվտանգության և ինքնաբավության բարձրացմանը։
«Կարևոր է, որ մենք բոլորս այս կրիտիկական պահին կանգնենք Արցախի ժողովրդի կողքին և ցուցաբերենք անհրաժեշտ օգնությունը, ասել է Պետեանը։ «Որքան էլ կարևոր լինի մեր նյութական օգնությունը, բարոյական աջակցությունն ու քաջալերանքը ունեն նույնանման նշանակություն»,- եզրափակեց նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել