HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում շարունակվում են դատական վիճահարույց բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը

Իսրայելում մայիսի 6-ի երեկոյան դարձյալ բողոքի ցույցեր են եղել՝ ընդդեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության ձեռնարկած դատական բարեփոխումների։ Deutsche Welle-ն, հղում անելով իսրայելական լրատվամիջոցների, գրում է, որ միայն Թել Ավիվի կենտրոնում հավաքվել է մոտ 100 հազար մարդ։ Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել նաև Իսրայելի մյուս քաղաքներում։

Իսրայելի ոստիկանությունը դեռևս թվեր չի հրապարակել ցուցարարների քանակի վերաբերյալ։ Բազմաթիվ ցուցարարներ փողոց են դուրս եկել Իսրայելի դրոշներով, որը դարձել է բողոքի ցույցերի խորհրդանիշը։ 

Ավելի վաղ, տարածված հայտարարության մեջ բողոքի ցույցերի կազմակերպիչները նշել են, որ Նեթանյահուի կառավարությունը Իսրայելն ուզում է վերածել «մեսսիական և վտանգավոր բռնապետության»։ Նրանց խոսքով՝ փոխարենն ամբողջությամբ հրաժարվելու դատական բարեփոխումներից, կառավարությունը վերջին ամսվա ընթացքում «ժամանակ է ձգում»՝ նախագահ Իցհակ Ռաբինի միջնորդությամբ բանակցություններ վարելով ընդդիմության ներկայացուցիչների հետ։

«Քանի դեռ շարունակվում են քննարկումները նախագահական նստավայրում, Իսրայել չեն հոսում ներդրումները, իսկ իսրայելական տնտեսությունը վնասներ է կրում»,- հայտարարել են կազմակերպիչները։

Նեթանյահուի դատական բարեփոխումների էությունը դատական իշխանությանը՝ օրենսդիր ու գործադիր ճյուղերի որոշումների վրա ազդեցությունից զրկելն է։ Իսրայելում խորհրդարանը միապալատ է։ Կառավարության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր Գերագույն դատարանը՝ արգելափակելով այն օրենքների ընդունումը, որոնց համարում է ոչ իրավաչափ։

Նախատեսվող փոփոխություններով ենթադրվում է, որ ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել՝ խորհրդարանի ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ, այսինքն՝ 61 ձայնով։ Դա նշանակում է, որ իշխող կոալիցիան, որը Կնեսետում ունի մանդատների մեծամասնությունը, կկարողանա անխոչընդոտ ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։ 

Օրենքի քննադատները նշում են, որ այս ամենը կհանգեցնի Իսրայելում բռնապետական կարգերի հաստատմանը։ Նեթանյահուն, հակառակը, հակաժողովրդավարական է անվանում ներկայիս իրավիճակը, երբ դատարանը կարող է սահմանափակել խորհրդարանի գործունեությունը։ 

Նեթանյահուի քաղաքական հակառակորդները պնդում են, որ բարեփոխումները լրջորեն կխաթարեն երկրի ժողովրդավարությանը՝ զգալի թուլացնելով դատական համակարգը, որը պատմականորեն վերահսկում է կառավարության գործողությունները։ Նրանք նշում են, որ այս փոփոխությունների իրական նպատակը վարչապետ Բենիամին Նեթանյահուի իրավական պաշտպանությունն է, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ, չնայած հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Քննադատները պնդում են, որ եթե կառավարությունն առավել լայն իրավունքներ ունենա դատավորներին նշանակելու հարցում, ապա կընտրվեն դատավորներ, որոնք որոշումներ կկայացնեն վարչապետ Նեթանյահուի օգտին։

Նեթանյահուն հերքում է այդ պնդումները։

Զանգվածային ցույցերը պարբերաբար ընթանում են հունվարի կեսերից։ Փետրվարի վերջին օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել էր Կնեսետի կողմից։ Սակայն մարտի վերջին, բողոքի ցույցերի պատճառով, հետաձգեց դրա երկրորդ ընթերցումը։

Ցուցարարներն այն կարծիքին են, որ կառավարությունը մտադիր է դարձյալ օրակարգ բերել այդ փոփոխությունները։

Լուսանկարը՝ REUTERS/Ronen Zvulun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter