
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն ընդդեմ ԲԴԽ-ի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը վարչական դատարանում վիճարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը՝ իրեն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հանելու մասին: Դատավորը պահանջում է վերացնել ԲԴԽ որոշումը և որպես հետևանք, իրեն վերականգնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում:
Հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է 2023թ. ապրիլի 26-ին: Մակագրվել է վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություն «Դատալեքս» տեղեկատվական պորտալում հրապարակված չէ:
ԲԴԽ-ն դատավոր Կարեն Մարդանյանին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հանելու մասին որոշումը կայացրել է 2023թ. մարտի 13-ին:
Որոշման հիմքն այն է, որ խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով ԲԴԽ-ն համարել է, որ առկա է Դատական օրենսգրքով նախատեսված «այլ հիմքեր»: Օրենքով նախատեսված «այլ հիմքերը» հնարավորություն չի տալիս հասկանալու համար, թե կոնկրետ ինչ պատճառով է դատավորը հանվել ցուցակից:
Նշենք, որ եթե խորհրդակցական սենյակում ԲԴԽ-ն համարում է, որ առկա է հիմքերից մեկը՝ անձը հանվում է համապատասխան ցուցակից: Անձին ցուցակից հանելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:
Մեկնաբանել