
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ բանակից ազատվածները ևս մասնակցելու են վարժանքներին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում մարտունակ բանակ ունենալու համար:
Նախարարն ասաց, որ վերջերս մշակել են տարածքային և տեղական պաշտպանության նոր հայեցակարգը, որից բխելու են նոր իրավական ակտեր: Դրանք էլ քննարկվելու են Ազգային ժողովում:
Պապիկյանը չցանկացավ առաջ անցնել, նշեց, որ երբ նախագիծը հրապարակվի, առարկայական քննարկումներ կլինեն: Սակայն բոլորի «հանգստության համար» նշեց, որ Կառավարությունն ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի երկրի, տարածքային ամբողջականության պաշտպանությունը:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ մեծ ուշադրություն են դարձնում ամբողջ պահեստազորին և ոչ միայն կցագրվածներին, որոնք զինվորական ծառայություն են անցել: Նախարարը նշեց, որ նոր տեսլական ունեն, ըստ որի՝ պատրաստվածության միջոցառումներին ներգրավելու են նաև Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով՝ կրթության, աշխատանքի և այլն, ազատվել են ծառայությունից:
Մեկնաբանել