HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ռուսական բանաձև. «Չես ուզում խնդիրներ ունենալ հիմնական բիզնեսում, հանգստացրու քո լրագրողներին»

«Հետքի» հարցերին պատասխանում է ռուսական mn.ru (Московские новости) կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոգոմոլովը (Александр Богомолов):   

Ռուսաստանում ընդդիմադիրների ցույցերը ինչպիսի՞ ազդեցություն ունեցան: Դրանք կարո՞ղ են փոփոխություն մտցնել քաղաքական դաշտում: 

Այդ ակցիաներն արդեն մի քանի կարևոր հարց են լուծել: Նախևառաջ` ի հայտ եկավ և իրար տեսավ մի նոր դեմոգրաֆիկ խումբ, որը տարբեր ձև են անվանում:  Ոմանք այն անվանում են կրեատիվ խավ, ոմանք` զայրացած քաղաքացիներ, մենք (mn.ru-ի խմբագրությունը) նրանց անվանում ենք նոր մտավորականություն: Ի հայտ եկան այդ մարդիկ, նայեցին միմյանց և հասկացան, որ իրենք կան, ընդ որում` բավականին շատ են և ի վիճակի են ազդել տեղի ունեցող գործընթացների վրա: Այդ բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց հետո օրենքներում արդեն տեղի ունեցավ որոշակի լիբերալացում, որը վերաբերում է քաղաքական գործընթացներին. վերականգնվեց նահանագապետերի ընտրությունը, փոխվեցին կուսակցության գրանցման կանոնները և այլն:

Ինչն է առավել կարևոր, որ իրականում այս ակցիաները հասարակության մեջ վեր հանեցին բազում հարցեր` ինչ է տեղի ունենում, ինչը պետք է փոխել, ինչպես դա պետք է փոխել, և որ ամենակարևորն է, թե ամեն մեկն ինչ կարող է անել, որպեսզի փոխի իրեն շրջապատող կյանքը:

Միևնույն է, մարդիկ սովոր են ապրել հին, սովետական մոդելով, երբ դու այսպես լավն ես և քննադատում ես իշխանություններրին: Այժմ ի հայտ են գալիս այլ մարդիկ, ովքեր չեն սպասում, որ իշխանություններն իրենց համար ինչ-որ բան կանեն, որից հետո նրանց կքննադատեն. իրենք են սկսում ինչ-որ բան փոխել: Նրանք իսկապես սկսում են բարելավել իրենց շրջապատող կյանքը:

Դրան մեծապես նպաստում է մեդիան և տեխնոլոգիաների զարգացումը, որովհետև շատ բան մարդիկ սկսում են անել ինտերնետի միջոցով: Իրականում, հասարակությունը տեղից շարժվել է, ընդ որում` խորքից: Ինձ համար դժվար է ասել` արդյոք կհանգեցնե՞ն այս ակցիաները ռեժիմի փոփոխության. դժվար, որովհետև հասարակության այն հատվածը, որ բողոքում է, մեծ չէ համամետած այն հատվածի հետ, որը գոհ է կյանքից և քվեարկում է իշխող կուսակցության, Պուտինի օգտին: 

Իշխանությունների կարծիքով` այդ ընդդիամադիր զանգվածը կարո՞ղ է դառնալ ուժ և ինչ-որ բան փոխել: 

Անշուշտ, իշխանությունները հաշվի են առնում նրանց (ընդդիմադիրների) պահանջները: Իշխանությունները պատրաստ են բանակցել: Այլ խնդիր է, որ միշտ չէ, որ կա այն մեկը, ում հետ պետք է բանակցել, որովհետև չի կարելի բանակցել 100 հազար մարդու հետ: Ընդդիմության առաջնորդները չեն ներկայացնում հասարակության այն ամբողջ հատվածի շահերը, որը բողոքում է հրապարակում: Մյուս կողմից` իշխանությունները չեն ցանկանում ցույց տալ իրենց թույլ լինելը: Չի կարելի ասել, որ միակողմանի քաղաքականություն է տարվում, իշխանությունները տարբեր ձև են գործում այս պարագայում: 

Եթե ընդդիմությունը հաղթի, կա՞ այն մեկը, ով կարող է առաջնորդել ժողովրդին և երկիրը, կա՞ ընդդիմության նման առաջնորդ: 

Ներկա պահին` ոչ, նման անձ չկա: Կան հեռանկար ունեցող մի շարք քաղաքական գործիչներ: Առաջին հերթին շատերը տեսնում են Ա. Նովալնիին որպես նախագահի ապագա հնարավոր թեկնածու, ոմանք տեսնում են Ա. Կուդրինին, բայց հիմա ասել, որ սրանք հստակ այն մարդիկ են, ովքեր կարող են ինչ-որ բան գլխավորել, իմ կարծիքով` դեռ չի կարելի: 

Հայաստանում կան ընդդիմադիր տարբեր ուժեր, սակայն նրանք միասնական չեն: Ինչպե՞ս է իրավիճակը ձեզ մոտ: 

Նույն իրավիճակն է: Ընդ որում` այն 100 հազար մարդկանց մեջ, ովքեր դուրս են գալիս հրապարակ, 80 հազարը չի գնում ոչ մի առաջնորդի հետևից: Նրանք գնում են, որովհետև իրենց մոտ կուտակվել է դժգոհություն: Բայց գոյություն ունեցող ընդդիմությունը այդ մարդկանց շահերը չի ներկայացնում: Կա դժգոհ հատված, բայց նրանք քաղաքականապես միասնական չեն:

Իսկ ի՞նչ կարծիք ունեք Մ. Պրոխորովի, նրա կուսակցության ստեղծման գաղափարի մասին:

Գաղափարը շատ տարօրինակ է: Ես ընդհանրապես չեմ հավատում «Միխայիլ Պրոխորով» նախագծին, որովհետև տպավորություն կա, որ նրան խնդրել են կամ ստիպել են գնալ դրան:

Իշխանություննե՞րը:

Երևի, ես չգիտեմ, ես դա չեմ տեսել: Բայց ես խոսում եմ ստեղծված տպավորության մասին: Նրա ծրագիրը, նրա կողմնակիցները… Մի սարսափելի խառնուրդ է, չկա հստակ գաղափարախոսություն: Պարզապես նրան շրջապատում են ինչ-որ փիառշիկներ, քաղտեխնոլոգներ. ամեն ինչը մի տեղ են հավքել և փորձում են ներկայացնել որպես մի արժեքավոր նախագիծ: Պրոխորովը նոր դեմք է: Նա քիչ ձայն չհավաքեց նախագահական ընտրություններին, բայց որևէ ուժ չներկայացնող անձանց հաշվին: Այդ քվեարկությունն արտահայտում էր ընտրողների բողոքը, կարևորն այն էր, որ իրենց ձայները չտային կոմունիստներին կամ Պուտինին: Պետք էր մեկին ընտրել, ընտրեցին Պրոխորվին:

Ինչպե՞ս կգնահատեք այժմյան քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:

Մի կողմից` իրավիճակը կայուն է, մյուս կողմից` կան որոշ անհանգստացնող միտումներ: Ակնհայտ աճում է դժգոհությունը և աճում է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհ են ներկայումս տիրող իրավիճակից: Այնուամենայնիվ, այժմ իշխող կուսակցության դիրքերը շատ ամուր են:

Հնարավո՞ր է նոր ցնցումներ լինեն:

Եթե տնտեսական իրավճակը մնա նույնը, ապա կարծում եմ` ուժեղ ցնցումներ չեն լինի: Միևնույն է, բողոքի ակցիաները սահմանափակվում են մեծ քաղաքներով` Մոսկվա, Ս. Պետերբուրգ, ծայրամասերում մարդիկ դուրս չեն գալիս: Հիմա տնտեսությունը  կայուն է, մարդիկ աշխատում են, գործազրկության թիվը մեծ չէ, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել` համեմատած անցյալ 10 տարիների հետ: Եթե տնտեսական իրավիճակը փոխվի, պայթյուններ կարելի է սպասել. մարդիկ միանագմից ամեն ինչ կհիշեն: 

Ինչպիսի՞ն է խոսքի ազատության աստիճանը: 

Մեզ մոտ (mn.ru խմբագրություն)  չկա գրաքննություն, չկան քաղաքական սահմանափակումներ: Կան ներքին սահմանափակումներ, որոնք արտացոլվում են լրագրողական էթիկական նորմերի վրա: Մենք հանդես չենք գալիս այս կամ այն ուժի կողմից, մենք պարզապես փորձում ենք օբյեկտիվորեն ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Դա բարդ է, քանի որ երկու կողմն էլ դժգոհ է մնում, բայց, իմ կարծիքով, այս պարագայում սա միակ ճանապարհն է, որը կարող է իրեն թույլ տալ որակյալ լրատվությունը: Բայց կան բազում մարդիկ, ովքեր լրիվ այլ կերպ են մտածում: Կան ԶԼՄմ-ներ, որոնք ծայրահեղ ընդդիմադիր են և մարդկանց կոչ են անում դուրս գալ հանրահավաքի, կան իշխանամետ ԶԼՄ-ներ, որոնք գրում են, թե հանրահավաքի դուրս են գալիս հիմար երիտասարդներ կամ ԱՄՆ-ի գործակալներ: 

Բայց խոսքի ազատությանն առնչվող միջազգային տարբեր զեկույցներում Ռուսաստանը ցածր հորիզոնականներում է: 

Բնականաբար, սահմանափակումներ կան: Գոյություն ունեն ճնշումներ, ընդ որում` ոչ թե խմբագրության` որպես ԶԼՄ-ի, այլ ԶԼՄ-ի սեփականատիրոջ վրա: Իշխանությունն այս կերպ է փորձում գործել: Առավել ևս, եթե այդ մարդու մոտ մեդիան հիմնական բիզնես չէ, այլ, օրինակ, օլիգարխ է, որը զբաղվում է նավթի կամ մետաղների արդյունաբերությամբ, ով նաև ԶԼՄ ունի: Նրան ասում են` չես ուզում խնդիրներ ունենալ հիմնական բիզնեսում, հանգստացրու քո լրագրողներին: Մոտավարապես սխեման այսպիսին է:

Դրան գումարած` տեղի է ունենում մի գործընթաց, երբ ավելի շատ ԶԼՄ-ներ գտնվում են կամ պետության կամ այն բիզնեսմենների ձեռքում, որոնք մոտ են իշխանություններին և որոնց վրա նույնպես ճնշում է գործադրվում: Բայց կա նաև ինտերնետ, ոչ ոք չի խանգարում ստեղծել սեփական օնլայն ԶԼՄ կամ բլոգ վարել: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան ահավոր է, ինչպես դա երևում է միջազգային ռեյտինգներում: Բայց աշխատել պետք է բոլոր պարագաներում:

Իսկ հեռուստատեսությունները հասանելի՞ են ընդդիմադիրների համար:

Ոչ: Սակայն հանրահավաքների սկսվելուց հետո ընդդիմության որոշ առաջնորդների սկսեցին հրավիրել որոշ եթերների, այսինքն` նրանք եթեր «ներխուժեցին»: Բայց հիմնականում եթերային հեռուսատեսությունը հեռարձակում է իշխանությունների տեսանկյունը: Կա «Դոժդ» (Дождь) հեռուստաընկերությունը, որը կաբելային է, բայց դա հեռուստացույցի վրա կոճակ չէ: Մյուս կողմից` «Դոժդ»-ը կարելի է նայել ինտերնետով:

Չեմ կարծում, թե խուլ գյուղերում տատիկ-պապիկները նստած «Դոժդ» են դիտում:

Նրանք արդեն դիտում են, խուլ գյուղերում մարդկանց մոտ տեղադրված են արբանյակային ալեհավաքներ: Մարդիկ նայում են այն, ինչ իրենց դուր է գալիս, ում դուր է գալիս Հանրայինը, դա է նայում կամ այլ բան: Այո, մեծ մասամբ մարդիկ նայում են հիմնական ալիքները, բայց այլընտրանք կա:

Լուսանկարը` mn.ru կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter