HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությունը Հայաստանում է

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը, որը Հայաստանում է  երկու երկրների բուհերի միջև հնարավոր համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության ղեկավար Կենժի Յոշիգոն շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար` նշելով, որ Նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս ճապոնիա կատարած պետական այցի ընթացքում նա այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան: 

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ միջբուհական փոխայցելությունները կնպաստեն տեղերում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: «Կրթությունն այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում, և տարբեր երկրների դպրոցականների, ուսանողների, դասախոսների միջև ամրապնդված կապերը դուրս են այդ սահմաններից: Ճապոնիան ողջ աշխարհին հայտնի է իր ինտելեկտուալ, գիտական ներուժով, և Հայաստանում երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը հետամուտ է ԵՊՀ–ում ժամանակակից սարքավորումներով և որակյալ մասնագետներով համալրված ճապոներեն լեզվի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հիմք կծառայի Ճապոնիայի մշակույթին, քաղաքակրթությանը, կրթությանը և պատմությանն առավել ամբողջական ծանոթանալու համար: Նա նաև առաջարկել է որևէ հանրակրթական դպրոցում ճապոներեն լեզվի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել: 

Հանդիպման ավարտին հյուրերն Արմեն Աշոտյանին հրավիրել են ներկա գտնվել  Երևանում Տոկիոյի Սոկա համալսարանի հիմնադիր Դայսակու Իկեդայիի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter