HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Աշոտյան. կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում…

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա կրթության և գիտության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար կրթության ոլորտի զարգացումը գերակա ուղղություններից մեկն  է` այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը համագործակցում է Լատինական Ամերիկայի առայժմ երկու պետության` Արգենտինայի և Չիլիի հետ և հույս հայտնել, որ հետայսու ամուր հիմքեր կդրվեն նաև Էկվադորի հետ հնարավոր համագործակցության դաշտում: Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի գերակայությունները, մասնավորապես, կրթության հասանելիության, որակի, իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների համատեքստում:

«Կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում»,- նշել է նախարարի պաշտոնակատարը` հույս հայտնելով, որ միջբուհական համագործակցությունը և փորձի փոխանակումը ազդակ կհանդիսանան արդյունավետ համագործակցության համար: 

Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Էկվադորը կարևորում է կրթության և գիտության դերը երկրի զարգացման գործում, և այդ ուղղությամբ վերջին տարիներին, ըստ դեսպանի, էկվադորը հսկայական առաջընթաց  է արձանագրել, մասնավորապես, գիտելիքի արժևորման, կրթության որակի, մտածելակերպի փոփոխության տեսանկյունից: Դեսպանը, ներկայացնելով կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ընդգծել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Էկվադորում այդ գործընթացները միշտ չէ, որ հանրային լայն աջակցություն են ունենում, որովհետև դրանց արդյունքը տեսանելի է լինելու տարիներ, երբեմն նաև տասնամյակներ անց: Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմք կդրվի, միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել առկա գիտական ներուժին և տպավորվել որոշակի ցուցանիշներով: 

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև որոշ հանրակրթական դպրոցներում իսպաներենի` որպես օտար լեզվի դասավանդման, հայաստանյան բուհերից մեկում իսպաներեն լեզվի կենտրոնի հիմնման հնարավորությանը:

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter