HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զատկի փառատոնի» փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ «Զատկի փառատոնի» շրջանակում ապրիլի 4-ին կայացել է Հայաստանի կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով:

Փառատոնում ընգրկված է նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ սուրբ Ներսես Շնորհալու և Կոմիտասի հոգևոր ստեղծագործությունների կատարմամբ:

Փառատոնի փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան կhնչի ապրիլի 9-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարներ՝ Ջեսիկա Նայլս (սոպրանո, ԱՄՆ), Մոյրա Թերիզ Քարմեկ (մեցցո սոպրանո, ԱՄՆ), Կայ Կլուգե (տենոր, Գերմանիա), Էըրոն Շիհըն (տենոր, ԱՄՆ), Ալլեն Բոքսըր (բաս, ԱՄՆ), Հիսուսի դերում՝ Միլան Սիլյանով (բաս, Շվեյցարիա):

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Համերգը կղեկավարի Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը (Գերմանիա): Բոլոր հրավիրյալ երաժիշտները հանդիսանում են տվյալ երաժշտական ժանրի լավագույն կատարողներից:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը կայացել է 1727 թվականի ապրիլի 11-ին, Ավագ ուրբաթի ժամանակ, Լայպցիգի Սբ Թովմաս եկեղեցում: Այն Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և հանդիսանում է նրա հոգևոր ժառանգության և առհասարակ ողջ բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետը:

Ստեղծագործության պոետիկ հիմքը կազմում է Մատթեոսի ավետարանը, որտեղ նկարագրվում են մահապատժից առաջ Հիսուսի կյանքի վերջին օրերը՝ նրա չարչարանքները և մահը: Օրատորիան բաղկացած է երկու մասից, որոնց կատարումը տևում է շուրջ երեք ժամ:

Ստեղծագործությունը մի քանի անգամ կատարվել է Բախի կյանքի օրոք, սակայն կոմպոզիտորի մահից հետո (1750 թ.) մոռացության է մատնվել, ինչպես նրա գրեթե բոլոր գործերը: Միայն մոտ ութսուն տարի անց՝ 1829 թ. մարտի 11-ին, Բեռլինի «Երգարվեստի ակադեմիայում» քսանամյա Ֆելիքս Մենդելսոնը կրկին ներկայացրել է «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան՝ ղեկավարելով չորս հարյուր հոգանոց երգչախումբն  ու ամբողջական նվագախումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter