Փոփոխություններ առանց բնակչության աջակցության. ինչու են Իսրայելի քաղաքացիները դուրս գալիս բողոքի ցույցերի
Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ներքաղաքական իրավիճակը խիստ անհանգիստ է։ Դատական համակարգը «բարեփոխելու» վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության ծրագիրը պատճառ է դարձել զանգվածային բողոքի ցույցերի։ Ցուցարարները վստահ են, որ բարեփոխումների իրական նպատակը դատական իշխանության թուլացումն է և պահանջում են, որ կառավարությունը հետ կանգնի իր այդ մտադրությունից։
Շաբաթներ շարունակ ցուցարարներին «դիմակայելուց» հետո՝ մարտի 27-ին, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ առնվազն մեկ ամսով կհետաձգի դատական բարեփոխումների վիճահարույց օրինագծի ընդունման գործընթացը։ Այս քայլը զգուշավորությամբ ողջունվեց ընդդիմության կողմից։ Երկու կողմերն էլ հայտարարեցին, որ պատրաստ են երկխոսության, ընդ որում՝ Նեթանյահուն հստակ հայտարարեց, որ բարեփոխումների ծրագիրը չի դադարեցվի, այլ կընդունվի «այս կամ այն տեսքով»։
Բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները ոչ միայն կոչ են անում չեղարկել բարեփոխումները, այլև պահանջում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Մեծ թվով զինվորականներ նույնպես դեմ են արտահայտվել բարեփոխումներին՝ հրաժարվելով ներկայանալ ծառայության։ Սա ստիպեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին դեմ արտահայտվել բարեփոխումների այս նախագծին, ինչի արդյունքում Նեթանյահուն նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս շարունակում է իր լիազորությունների կատարումը, մինչև կնշանակվի պաշտպանության նոր նախարար։
ביטחונה של מדינת ישראל הוא משימת חיי. בשליחות מדינת ישראל, במדי צה"ל, סיכנתי את חיי עשרות פעמים. וגם עתה, למען מדינת ישראל, אני מוכן להסתכן ולשלם כל מחיר.
— יואב גלנט (@yoavgallant) March 25, 2023
האיומים סביבנו גדולים, בזירות רחוקות וסמוכות. בימים אלו, יותר מתמיד, אנו ניצבים בפני אתגרים ביטחוניים חסרי תקדים. pic.twitter.com/NhtMRJT6lf
Իսկ ի՞նչն է այս բարեփոխումների էությունը, որն ստիպում է հարյուր հազարավոր իսրայելցիներին դուրս գալ փողոցներ։
Իշխող կոալիցիան ուզում է դատական իշխանությանը զրկել իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի որոշումների վրա ազդեցությունից։ Կառավարության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր Գերագույն դատարանը՝ արգելափակելով այն օրենքների ընդունումը, որոնց համարում է ոչ իրավաչափ։
Օրենսդրական փոփոխություններով Նեթանյահուն ձգտում է հասնել նրան, որ Գերագույն դատարանի կողմից ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել՝ խորհրդարանի ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ։ Ստացվում է, որ եթե Կնեսետի 61 անդամ կողմ քվեարկի չեղարկմանը, ապա այն կհամարվի ընդունված։ Այսինքն իշխող կոալիցիան, որը Կնեսետում ունի մանդատների մեծամասնությունը, կկարողանա անխոչընդոտ ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։
Նեթանյահուի քաղաքական հակառակորդները պնդում են, որ բարեփոխումները լրջորեն կխաթարեն երկրի ժողովրդավարությանը՝ զգալի թուլացնելով դատական համակարգը, որը պատմականորեն վերահսկում է կառավարության գործողությունները։ Նրանք նշում են, որ այս փոփոխությունների իրական նպատակը վարչապետ Բենիամին Նեթանյահուի իրավական պաշտպանությունն է, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ, չնայած հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Քննադատները պնդում են, որ եթե կառավարությունն առավել լայն իրավունքներ ունենա դատավորներին նշանակելու հարցում, ապա կընտրվեն դատավորներ, որոնք որոշումներ կկայացնեն վարչապետ Նեթանյահուի օգտին։
Փոխարենը գործող կառավարությունը և վարչապետի կողմնակիցները պնդում են, որ ընտրողներն իրենց ձայնը տվել են գործող իշխանությանը՝ դատական համակարգի բարեփոխման խոստման նպատակով։ Ավելին, Նեթանյահուն կախված է նաև սեփական կոալիցիոն կառավարության ծայրահեղ աջ հայացքներ ունեցող նախարարներից, առանց որոնց Նեթանյահուի կառավարությունը կարող է փլուզվել։ Վերջիններս պնդում են, որ բարեփոխումները պետք է անպայման ընդունվեն։
Եթե ի վերջո այդ փոփոխություններն իրականություն դառնան, ապա դրանք կփոխեն նաև Գերագույն դատարանի դատավորների ընտրության ձևը՝ քաղաքական գործիչներին տալով դատավորներ նշանակելու էլ ավելի լայն հնարավորություններ։ Գործող օրենսդրության համաձայն՝ Դատավորների ընտրության անկախ հանձնաժողովում (բաղկացած է դատական համակարգի, Կնեսետի ու կառավարության ներկայացուցիչներից) անդամները փոխհամաձայնության են հասնում նշանակումների շուրջ։ Եթե փոփոխություններն իրականություն դառնան, գործադիրը և վերջինիս կողմից այս պահին վերահսկող օրենսդիր մարմինը դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գերակայություն կունենան։
Նեթանյահուն ու նրա կողմնակիցները պնդում են, որ Գերագույն դատարանը դարձել է «էլիտար խումբ, որը չի ներկայացնում Իսրայելի ժողովրդի շահերը»։ Նրանց կարծիքով՝ Գերագույն դատարանը գերազանցել է իր լիազորությունները՝ խառնվելով այն հարցերին, որոնց մասով չպիտի որոշումներ կայացներ։
Video: Tapper challenges Netanyahu on his controversial proposal that has sparked massive protests | CNN https://t.co/yFFSYMJG3B
— Maggie Haberman (@maggieNYT) February 3, 2023
Նախկինում Բենիամին Նեթանյահուն հանդես էր գալիս անկախ և ուժեղ դատական իշխանության օգտին։ Հարցին, թե ինչու է նա փոխել իր տեսակետը, չնայած այդ հրապարակային հայտարարություններին, Նեթանյահուն CNN-ի լրագրող Ջեյք Թափերին ասել էր. «Ես չեմ փոխել իմ տեսակետը։ Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ, անկախ դատական համակարգ, բայց անկախ դատական համակարգը չի նշանակում անսանձ դատական համակարգ։ Դա այն է, ինչ տեղի է ունեցել այստեղ, նկատի ունեմ, վերջին 25 տարիների ընթացքում»։
Զանգվածային բողոքի ցույցերը և գործող իշխանության առաջ քաշած այս նախագիծը լուրջ անհանգստություններ են առաջացրել Իսրայելի ֆինանսական, գործարար, անվտանգային և ակադեմիական ոլորտներում։ Իսրայելի կենտրոնական բանկի ղեկավար Ամիր Յարոնը CNN-ին հայտարարել է, որ փոփոխությունները չափազանց հապճեպ են և կարող են վնասել տնտեսությանը։ Մոսադի նախկին մի քանի ղեկավարներ ևս դեմ են արտահայտվել այս վիճահարույց բարեփոխումներին՝ զգուշացնելով, որ այդ հարցի շուրջ տարաձայնությունները վնասում են Իսրայելի անվտանգությանը։
Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի կողմից փետրվարին հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ իսրայելցիների միայն մի փոքր մասն է աջակցում այս փոփոխություններին։ Ճնշող մեծամասնությունը՝ 72%-ը, ցանկանում է, որ կողմերը հասնեն փոխզիջման, և նույնիսկ այս պարագայում 66%-ը կարծում է, որ Գերագույն դատարանը պետք է իրավունք ունենա չեղարկելու այն օրենքները, որոնք հակասում են իրավական պետության հայեցակարգին։ Բացի այդ, հարցված իսրայելցիների 63%-ը կարծում է, որ դատավորների նշանակման ներկայիս մեթոդը պետք է մնա անփոփոխ։
Լուսանկարը՝ Ohad Zwigenberg/Associated Press գործակալություն
Արմեն Խեչումյան, Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել