HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե կստեղծվի

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 30-ի նիստում։

Կոմիտեին կվերապահվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գիտության կոմիտեի և բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ Այն կգործի ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և կիրականացնի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը։

Կառավարության որոշման նախագծով հավանության արժանացավ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով գիտության ոլորտում կհաստատվի ռազմավարություն, կստեղծվեն ֆինանսավորման նոր մեխանիզմներ, կգործի գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքների և հստակ կատարողական ցուցանիշների հաստատման, գիտաշխատողների ատեստավորման նոր կարգ, գիտության ոլորտում տվյալներ կհավաքագրվեն և կհստակեցվեն տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները։

«Միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ Կառավարությունը 2018-ի համեմատ ոլորտի ֆինանսավորումն ավելացրել է այս տարվա համար շուրջ 21,74 մլրդ դրամով` դարձնելով 36 մլրդ դրամ, ինչը շուրջ 2,5 անգամ ավել է 2018-ին գիտության ոլորտին տրամադրված ֆինանսավորումից։

Ոլորտում մեկնարկել է գիտաշխատողների ատեստավորման և վարձատրության բարձրացման ծրագիր, որի արդյունքում, օրինակ, առավել մեծաքանակ տարակարգի գիտական աշխատողների բազային աշխատավարձը 90 հազարի փոխարեն կազմել է 150 հազար և 2025-ին արդեն փուլային աճման սկզբունքով կաճի մինչև 276 հազար դրամ։

Առաջատար գիտաշխատողների պարագայում, օրինակ, 114 հազար դրամից ունենք ավելի քան կրկնապատկված աշխատավարձ՝ 250 հազար դրամի չափով, որը 2025թ.-ին կկամզի 443 հազար դրամ»,- այս մասին նախագծի քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների ձեռքբերման, գիտության ոլորտում սերնդափոխության, թիրախային դրամաշնորհային ծրագրերի միջոցով արտերկրից հեղինակավոր գիտնականների ներգրավման ուղղությամբ։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կհամարվի անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter