Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
Մարտի 28-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
«Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։
Նա փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքները, անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել